Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Քաղաքական կամքի դրսեւորման դեպքում կարելի է ակնկալել լուրջ տեղաշարժեր բանակցային գործընթացում»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ սկսված տարվա ընթացքում «ցանկացած պահի կարելի է լուրջ տեղաշարժեր ակնկալել ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում»:

«Սեղանի վրա իրոք բավական հետաքրքրական առաջարկություն կա: Քաղաքական կամքի դրսեւորման դեպքում ցանկացած պահի կարելի է ակնկալել լուրջ տեղաշարժեր գործընթացում», - արտգործնախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Օսկանյանը:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններում Երեւանի քաղաքականությունը հիմնականում կմնա նույնը. - «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ընդունման պայմաններում եւ դրա ամրագրման դեպքում մենք պատրաստ կլինենք բանակցությունները շարունակել եւ փորձել առաջընթաց արձանագրել»:

Արտգործնախարարը ուղղակի կապ չի տեսնում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջեւ. - «Ես այնտեղ իսկապես ուղիղ որեւէ կապ չեմ տեսնում»:

Արտգործնախարարը ասաց, որ պաշտոնական Երեւանը շարունակելու է Թուրքիային հորդորել երկխոսություն սկսել` առանց նախապայմանների: Օրակարգում է մնալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, եւ նախարարը չհամաձայնեց դիտարկմանը, թե հենց այդ հարցն է խոչընդոտ հանդիսանում Թուրքիայի հետ երկխոսության ճանապարհին:

«Այսօր հիմնական խոչընդոտը հայ-թուրքական հարաբերություններում մնում է Լեռնային Ղարաբաղի հարցը», - ասաց նա:

Անդրադառնալով Իրանի` վերջերս արած հայտարարությանը, թե պատրաստ են ցանկացած պահի սկսել գազի մատակարարումը Հայաստան, Օսկանյանը ասաց, թե «չէր կամենա հիմնվել հայտարարությունների վրա». - «Որովհետեւ ես ինքս Իրանից վերջերս եմ վերադարձել: Այնտեղ շատ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ [Իրան – Հայաստան] գազամուղի բացումը տեղի կունենա հունվարին, երբ իրանական կողմը կավարտի բոլոր փորձարկումները` հույս ունենալով, որ դրանք կավարտվեն մինչեւ մարտ, որից հետո բացումը տեղի կունենա եւ արդեն գազամուղը պատրաստ կլինի գազ մատակարարել»:

«Ես համոզված եմ, որ տարվա առաջին եռամսյակին, ամենաուշը` տարվա առաջին կեսին մենք կգործարկենք այդ գազամուղը», - եզրափակեց Հայաստանի արտգործնախարարը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG