Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք» թերթը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ երկու օր առաջ «Հայլուր»-ին տված հարցազրույցին, գրում է. - «Սերժ Սարգսյանի տատիկը ժամանակին խրատ էր տվել սիրելի թոռնիկին. «ամենաթանկ բանը մարդու պատիվն է»: Առհասարակ, Հայաստանի քաղաքական վերնախավում մի ավանդույթ է ձեւավորվել, երբ բոլորն անխտիր իրենց երեւակայում են հանրապետության նախագահի դերում: Սերժ Սարգսյանն էլ բացառություն չէ, ավելին, բոլոր իրավունքներն ունի իրեն հավասար դասելու Ռոբերտ Քոչարյանին»:

«168 ժամ»-ը «Նախագահի պահեստային տարբերակը» վերնագրի ներքո գրում է, թե «բավականին անսպասելի էր «նախագահական ցուցակում» տեսնել նաեւ ՄԱԿ-ին»: Ըստ թերթի, «ՄԱԿ-ը ՀՀ նախագահի համար ընդամենը մի «պահեստային» կուսակցություն է, որտեղ, եթե այլ ավելի լավ ելք չգտնվի, ապա պետք է հանգրվանի արդարադատության ներկայիս նախարար Դավիթ Հարությունյանը»: «Վերջինս, ինչպես հայտնի է, դեռ այս տարվա կեսերին հայտնել էր առաջիկայում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրությունների մասին», - գրում է «168 ժամ»-ը: «Երկար ժամանակ կարծիք կար, որ Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմներից համարվող Դավիթ Հարությունյանը «քաղաքականությամբ զբաղվելու է» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարներից մեկը դառնալով: Սակայն վերջերս քաղաքական շրջանակներում խոսակցություններ եղան, որ Գագիկ Ծառուկյանը կտրականապես դեմ է Դավիթ Հարությունյանի քաղաքական ապագան իր ստեղծած կուսակցության հետ կապելուն եւ դրա մասին մի քանի անգամ ուղղակի հայտնել է հանրապետության նախագահին», - տեղեկացնում է թերթը եւ հավելում. - «Նման խնդիրներ՝ կապված Դավիթ Հարությունյանի հետ, ՄԱԿ-ում կարծես թե չկան»:

«Մեսիջներ՝ քաղաքական դաշտին» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր գնահատելով պաշտպանության նախարարի` «Հայլուր»-ին տված հարցազրույցը, մասնավորապես, առանձնացրել է. - «Պաշտպանության նախարարը այսօրվանից աներկբա սահմանազատվում է այն քաղաքական գործիչներից, ովքեր հույսն իրենց վրա դնելու փոխարեն փորձում են փնտրել արտաքին հենարաններ ու աջակիցներ՝ Հայաստանի ներսում սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Հիմնվելով պատմական զուգահեռների վրա` Սերժ Սարգսյանը նման գործելակերպը գնահատում է իբրեւ նախորդ դարերում եւս մեզանում դրսեւորված ներքին անմիաբանության երեւույթի նորօրյա արտահայտություն՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ»։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, «Հո մեզանո՞վ չի» վերնագրի տակ ի մի բերելով իր ամանորյա խոհերը, մասնավորապես, գրել է. - «Ձեռներեցները` ամենամանրից սկսած մինչեւ ամենախոշորները, խուսափում են հարկեր վճարելուց հետեւյալ պատճառաբանությամբ. - «Որ իմանայի իմ տված հարկերով խեղճ թոշակառուներին թոշակ կտան, ուսուցչներին ու բժիշկներին՝ աշխատավարձ, կտայի։ Բայց գիտեմ, որ միեւնույն է, իմ սաղ փողերն այդ գելուգազանը, իմա՝ իշխանությունը կուտի, ափսոսում եմ»։ «Գործարարը չի գիտակցում, որ դրանով իսկ ինքն է դառնում թոշակառուներին արժանապատիվ կյանքից զրկող գելուգազան», - գնահատել է գլխավոր խմբագիրն ու հավելել. - «Եթե իսկապես ուզում եք, որ «երկիրը դզվի», պետք չի դրոշը կամ ցախավելը ձեռքին փողոց դուրս գալ։ Ավելի լավ է այդ նույն ցախավելով մաքրել քեզ հասանելիք մեկ քառակուսի մետրը»։

«Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը «պաշտոնապես հայտարարված ընտրական նոր տարուն» ընդառաջ արձանագրելով, որ «կուսակցությունները, խմբերը, կլանները, գերդաստաններն ու ախպերական շրջանակները արդեն ավարտել են նախահաշվարկները, որոնք վերջնական տեսքի կբերվեն առաջիկա օրերին` տոնական-տնական-տնայնագործական սեղանների շուրջ», փոխանցել է. - «Քաղաքական ուժերն ու նրանց սպասարկող խմբերը պատրաստվում են ժողովրդին զբաղեցնել ընտրություններով` առանց հաշվի առնելու, թե ժողովրդին հետաքրքրո՞ւմ է այդ զբաղմունքը: Ընտրություն կոչվածը ամեն բանից առաջ մարդկանց կյանքը բարելավելու նպատակն է հետապնդում: Մինչդեռ մեզ մոտ այն բոլորովին այլ` ընտրազանգվածի հետ ոչ մի կապ չունեցող անձնական եւ խմբակային շահեր է հետապնդում: Առավելագույնը այդ եւ նման ընտրություններից ժողովուրդը ակնկալում է ավելի վատթար կառավարումից խուսափելը: Իսկ ընտրողներից ոմանք էլ` անձնական շահ` «դու իմ ձայնի կարի՞քն ունես, ուրեմն վճարիր, որ տամ» այլասերված մտածելակերպով: Ընտրությունները կյանքի նպատակ չեն կարող լինել, այլ միջոց` ընդհանուրի կյանքը բարելավելու»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG