Մատչելիության հղումներ

Սադամ Հուսեյնը իրեն զոհ է համարում


Իրաքի նախկին բռնակալ Սադամ Հուսեյնը այսօր հայտարարել է, որ իրեն կախաղան են բարձրացնելու որպես «զոհի», եւ կոչ է արել իրաքցի նախկին հպատակներին «միաբանվել ընդդեմ թշնամիների»:

Իրաքի գերագույն դատարանի վճռաբեկ պալատը երեքշաբթի օրը հաստատել է մահապատժի դատավճիռը, որը Հուսեյնի նկատմամբ կայացվել էր նոյեմբերի 5-ին:

CNN-ի վկայությամբ, դատավոր Արեֆ Շահինը հայտարարել է, որ Գերագույն դատարանի վճիռը վերջնական է, եւ, Իրաքի օրենսդրության համաձայն, Հուսեյնի մահապատիժն իրականացվելու է 30 օրվա ընթացքում՝ մինչեւ 2007 թվականի հունվարի 27-ը:

Հուսեյնը մահապատժի էր դատապարտվել 1982 թվականին Բաղդադից հյուսիս գտնվող՝ հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված Դուջայիլ բնակավայրում 148 մարդու սպանությունը հրահանգելու համար:

Նրա դատապաշտպանները բողոքարկել էին դատավճիռը, եւ վճռաբեկ ատյանը դեկտեմբերի 5-ից սկսել էր գործի քննությունը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, այսօր արդեն Իրաքում սկսել են պատրաստվել երկրի նախկին բռնակալի մահապատժի շուտափույթ իրականացմանը:

Դատավոր Արեֆ Շահինը, հրապարակելով դատավճիռը, հայտարարել էր, թե այն կարող է իրականացվել «վաղվանից սկսած ցանկացած օր»:

Սպիտակ տունը ողջունել է Իրաքի գերագույն դատարանի վճիռը՝ հայտարարելով, թե այն «շրջադարձային է բռնակալի իշխանությունը օրենքի իշխանությամբ փոխարինելու՝ Իրաքի ժողովրդի ջանքերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG