Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մոր հետ մեկնել է Մոսկվա՝ իր երեխայի ծննդյան տոնի առիթով, ու «Զվարթնոց» օդակայանում վերստին, այս անգամ՝ մոր հետ, ենթարկվել «միկրոսկոպային զննության»: Ըստ թերթի, այս անգամ հատկապես հետաքրքրել է Կարապետյանի մոր շրթներկը, որը «մի քանի անգամ բացել-փակել են, հոտ են քաշել ու նոր միայն վերադարձրել տիրոջը»:

ՀՅԴ բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, արդյոք դաշնակցականների համար վիրավորական չէ՞, որ տարիներ շարունակ պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը եւ հանկարծ նա իր հայտնի հեռուստաելույթում թվարկում է մի քանի կուսակցություն, որ իր կարծիքով հաստատ գալու են խորհրդարան եւ այդ ցուցակում Դաշնակցությունը նույնիսկ երկրորդը չէր, պատասխանել է. - «Կարծում եմ, նախագահը ավելի շատ շեշտադրումը դրել է նրանց վրա, ով օգնության կարիք ունի, ով սատարումի կարիք ունի, որովհետեւ ինչ-որ ռեսուրսի պակաս է զգում»։

Նույն թերթի աղբյուրների համաձայն, նախընտրական համարվող այս փուլում որոշակի խմորումներ են ընթանում ՀՀԿ-ում։ Հանրապետական կուսակցության «վերնախավում ու նաեւ նրա շարքերում դժգոհություններ կան ոչ միայն ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի` վերջին շրջանի եսակենտրոն գործունեության, այնպես էլ ՀՀԿ նորաթուխ անդամ, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի առնչությամբ», որը «փորձում է ՀՀԿ վերնախավին համոզել, որ հայաստանցի ջավախահայերին կարելի է միավորել ՀՀԿ-ի շուրջ, ընդ որում` այդ հարցում կարեւորելով հատկապես իր դերակատարությունը»: Ըստ թերթի, սակայն, «կուսակցությունում կարծիքներ կան, որ այդ հեռանկարը վտանգավոր զարգացումներ կարող է ունենալ նախեւառաջ հենց ՀՀԿ-ի համար»:

«Նովոյի զղջումը» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ն այսօր գրել է, թե «ՀՀԿ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը, որին շաբաթ օրը զրկեցին ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցը ղեկավարելուց, կատաղի տրամադրության մեջ է։ Նա արդեն հասցրել է բազմաթիվ տեղերում բողոքել, որ եթե իմանար իրեն «քցելու» են, անցած ընտրությունների ժամանակ քվեատուփ չէր գողանա ու եվրոպացի դիտորդներին չէր ահաբեկի»։

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը 2007 թվականի ընտրաշրջանին ընդառաջ «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում, մասնավորապես, շեշտադրել է. - «Ընտրություններից առաջ հասարակությանը հնարավորինս պետք է ակտիվացնել, քաղաքական դետոնացիայի վիճակի բերել, որպեսզի մարդիկ գնան ընտրատեղամասեր եւ կատարեն իրենց ընտրությունը։ Այսինքն՝ ընտրությունների միջոցով ձեւավորել իշխանություն, եւ դրանից հետո՝ հասարակությունը տեղափոխել քաղաքացիական ակտիվության դաշտ։ Չի կարելի ժողովրդին անընդհատ ներշնչել, թե ընտրությունները կեղծվելու են»։

Նույն թերթի հարցազրույցում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ի պատասխան հարցին, թե անցնող տարին ի՞նչ տվեց մեր ժողովրդին, պատասխանել է. - «Ո՛չ մի բան էլ չտվեց։ Ոնց որ կար քաղաքական ճգնաժամ, որով Հայաստանը էապես է տարբերվում մնացած բոլոր պոստսովետական տարածքներում եղած պրոցեսներից, այնպես էլ մնացել է։ Իհարկե՝ բացի մահմեդական երկրներից, որտեղ մենթալիտետը մի քիչ ուրիշ է... Նույնիսկ էն ամենապարզ մեխանիզմը, որ ընտրություններով է որոշվում ինչ-որ բան, մեզանում ինչպես չէր աշխատում, նույն ձեւով էլ չի աշխատում։ Էդ տեսակետից Հայաստանը վատ վիճակից գահավիժել է շատ վատ վիճակի»։

«Տարեգիր» թերթի խմբագրականը, ամփոփելով անցնող տարին, մասնավորապես, շեշտել է. - «Չնայած անցնող տարին սկսեցինք ու անցկացրինք նոր ու փոփոխված սահմանադրությամբ, այդուհանդերձ, մեր կյանքն ու մեր կյանքի բովանդակությունը հիմնականում մնացին նույնը՝ չհաշված իհարկե որոշ փոփոխություններ. քաղբանտարկյալ չունեինք՝ ունեցանք, «ՎիվաՍել» չունեինք՝ ունեցանք, հանրապետականները Սերժ Սարգսյան չունեին՝ ունեցան, բոլորս «Բարգավաճ Հայաստան» չունեինք՝ ունեցանք, իսկ առավել հաջողակները կապտոֆիլի սերմացու եւ տուկի թել էլ ունեցան, եւ այս ամբողջ ընթացքում ազգային դրամը շարունակում է իր հաղթարշավը դոլարի ու բոլորիս նկատմամբ»։

«Հայք» պարբերականը, փոխանցելով օրերս գործարարների հետ հանդիպման ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած միտքը, թե տնտեսական աճը նպաստել է ժողովրդի բարեկեցության աստիճանի բարձրացմանը ու դրա դրսեւորումներից մեկը 2006-ին Հայաստան ներկրված ավտոմեքենաների թվի աճն է, նկատել է. - «Անշուշտ, հենց այդ աճի պատճառով էր, որ երեկ Երեւանի կենտրոնական փողոցներում անկառավարելի վիճակ էր ստեղծվել։ Խաչմերուկներում խցանումներ էին, շատ փողոցներ՝ գրեթե անանցանելի։ Ընդ որում, տնտեսական աճի շնորհիվ Երեւանում հայտնված ավտոմեքենաները խցանվել էին դեռ մինչեւ ձյան գալը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG