Մատչելիության հղումներ

Նիքոլաս Բերնս. «Բուշի վարչակազմը երբեք չի հերքել 1,5 միլիոն հայերի բնաջնջումը»


ԱՄՆ֊-ի փոխպետքարտուղար Նիքոլաս Բերնսը փաստել է, որ ԱՄՆ֊-ի վարչակազմը երբեք չի հերքել 1,5 միլիոն հայերի բնաջնջումը:

«Հակառակ որոշ պնդումների՝ ոչ դեսպանի պաշտոնին առաջադրված Հոգլանդը, ոչ էլ վարչակազմը երբեք չեն նսեմացրել կամ հերքել այն փաստը, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1,5 միլիոն հայ է բնաջնջվել եւ բռնի տեղահանվել»,֊ - գրել է Բերնսը մի նամակում, որն այսօր մեջբերել է «Ասոշիեյթեդ փրես»-֊ը:

Գործակալությունը խոստովանում է, որ նամակը ստացել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի օգնականից, որը չի ցանկացել նշել իր անունը, քանզի վարչակազմը դեմ է եղել նամակի հրապարակմանը:

Մենենդեսը եւ Սենատում դեմոկրատների առաջնորդ Հարի Ռեյդը դիմել էին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին՝ խնդրելով հետ կանչել Հոգլանդի թեկնածությունը:

«Ողջ դիվանագիտական ծառայության համար ամոթ կլինի, եթե դեսպանի պաշտոնին առաջադրված Հոգլանդը, որը փորձառու դիվանագետի հիանալի կենսագրություն ունի, չհաստատվի՝ դեսպան Էվանսի հետ կապված տարաձայնությունների պատճառով»,֊ - նշված է Բերնսի նամակում:

Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Ռիչարդ Հոգլանդը Սենատի կողմից չի հաստատվել այն բանից հետո, երբ ամերիկահայ կազմակերպությունները եւ որոշ սենատորներ հարց բարձրացրեցին, թե ինչո՞ւ է ժամկետից շուտ Երեւանից հետ կանչվել դեսպան Ջոն Էվանսը, որը հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը նաեւ մեջբերում է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին, որն ասել է. -֊ «Կարծում եմ, վերջին տասնամյակում մենք ամենալավ շանսն ունենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն ընդունելու համար»:

Նորընտիր Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարն է լինելու դեմոկրատ Նենսի Փելոսին, որն իր խոսնակ Դրյու Հեմիլի վկայությամբ, շարունակում է սատար կանգնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG