Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը Իրանին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ


ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ «Իրանի միջուկային խնդիրը սերտորեն կապված է տարածաշրջանային եւ համաշխարհային շատ այլ հիմնախնդիրների հետ»:

«Կոչ եմ անում Իրանի ղեկավարությանը վերադառնալ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաեւ «վեցնյակի»
մյուս անդամների հետ բանակցային գործընթաց», - կիրակի օրը «Էյ Բի Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Պան Գի Մունը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնելու է 2007 թվականի հունվարի 1-ից:

Շաբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելուց այդ երկրի հրաժարվելու պատճառով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ,
Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունած բանաձեւում բոլոր պետություններից պահանջել է կիրառել անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու այնպիսի առարկաների, նյութերի, սարքավորումների, ապրանքների եւ տեխնոլոգիաների ներմուծումը Իրան կամ արտահանումը այդ երկրից, որոնք կապված են ուրանի հարստացման եւ վերամշակման, ծանր ջրի կամ միջուկային զենքի արտադրության հետ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին Իրանի խորհրդարանն արձագանքել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը վերանայելու մասին օրինագծի ընդունմամբ:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Անվտանգության խորհրդի բանաձեւն անվանել է «թղթի կտոր», որը չի վախեցնում Իրանի իշխանություններին, եւ վստահեցրել է, որ այն ընդունողները դեռ կզղջան դրա համար:

Իրանի իշխանությունները հայտարարել են ուրանի հարստացման աշխատանքները անհապաղ սկսելու մասին: Մասնավորապես, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին տեղեկացրել է, որ իր երկիրն արդեն իսկ սկսում է Նաթանզի ուրանի հարստացման կենտրոնում 3 հազար ցենտրիֆուգներով կասկադի կառուցումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG