Մատչելիության հղումներ

Հրապարակվել են Բեսլանի ահաբեկչությունը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունները


«Բեսլանի ահաբեկչությունը կազմակերպել են Մասխադովը, Բասաեւը եւ Աբու-Ձեյթը, նրանք բոլորը վերացված են», - ասված է ահաբեկչության հետաքննության նպատակով Ռուսաստանի Դաշնային խորհրդի ստեղծած հանձնաժողովի գործունեության ամփոփիչ զեկույցում, որն այսօր հրապարակել է հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Տորշինը:

«Վերացված են այդ գործողությունը ծրագրած ահաբեկչական ընդհատակի առաջնորդները՝ Մասխադովը եւ Բասաեւը, Աբու-Ձեյթը եւ Հաշիեւը», - ասել է Տորշինը: - «Վերացվել է դպրոցը գրաված 31 ահաբեկիչ, ողջ է մնացել միայն Կուլաեւը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված»:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ պայթյունը Բեսլանի դպրոցում, որտեղ 2004 թվականի սեպտեմբերին զինյալները պատանդներ էին վերցրել, տեղի է ունեցել ահաբեկիչների մեղքով, այլ ոչ թե ուժայինների գործողությունների հետեւանքով. - «Հենվելով բազմաթիվ փորձաքննությունների եւ վկայությունների վրա՝ հանձնաժողովը պաշտոնապես պարզել է. պայթյունի պատճառը ահաբեկիչների գործողություններն էին»:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ առանցքային դրվագը, որին հաջորդել էր դպրոցի գրոհը ուժայինների կողմից, «վիճարկվում է նրանց կողմից, ովքեր ջանում են դաշնային իշխանություններին մեղադրել դպրոցը գրոհելու փորձի մեջ եւ պայթյունի համար պատասխանատվությունը բարդել նրանց վրա»:

Համաձայն զեկույցի, դպրոցի գրավումից հետո ստեղծված օպերատիվ շտաբը գործել է օրենքի շրջանակներում, եւ «սեպտեմբերի 3-ին սրված իրավիճակում ձեռնարկել է միջոցներ, որոնք անհրաժեշտ էին մարդկանց կյանքի եւ առողջության պահպանման համար»:

«Ահաբեկչությունը հնարավոր է դարձել տեղերում Ռուսաստանի ՆԳՆ-ի պահանջների իրականացման պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով», - ասված է հանձնաժողովի զեկույցում: - «Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին հասարակական կարգի եւ քաղաքացիների անվտանգության պահպանման միջոցառումները կազմակերպված էին ձեւականորեն»:

Մասնավորապես, ըստ հանձնաժողովի, Բեսլանի դպրոցում հանդիսավոր տողանի ժամանակ չի եղել որեւէ զինված ոստիկան, իսկ ոստիկանական ստորաբաժանումը, որը պետք է հերթապահեր դպրոցի մոտ, դեպքի պահին տեղում չի եղել:

Անվտանգության եւ իրավապահ մյուս մարմինները չեն տիրապետել Բեսլանի դպրոցում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկատվության, ինչը, համաձայն զեկույցի, «պայմանավորված է, առաջին հերթին, բանդիտական խմբավորումների առաջնորդների եւ նրանց հանցավոր մտահղացումների անմիջական կատարողների մերձավոր շրջապատում գործակալական-օպերատիվ դիրքերի թուլությամբ»:

2004 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ուսումնական տարվա առաջին օրը, ահաբեկիչները գրավել էին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցը՝ պատանդ վերցնելով Գիտելիքի օրվա հանդիսության հարյուրավոր մասնակիցների:

Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 333 մարդ, այդ թվում` 186 երեխա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG