Մատչելիության հղումներ

Մտավորականների ֆորումի ավագանին պահանջում է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին


Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանին դատապարտում է Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի նկատմամբ «իշխանավորների կամակատար դատարանի» կայացրած կալանքի որոշումը եւ պահանջում բանտից անհապաղ ազատել նրանց:

Համաձայն Մտավորականների ֆորումի ավագանու՝ այսօր հրապարակած հայտարարության, այդ ձերբակալությունները «մեկ անգամ եւս հաստատում են հանրապետությունում ձեւավորված իշխանական ամենաթողության ու անպատժելիության, զազրելի անարդարությունների, հրահանգված դատավարությունների առկայությունը, արհամարհանքը հասարակական կարծիքի, մտավորականության ու մյուս կարող ուժերի տեսակետների նկատմամբ»:

«Իշխանական բուրգի կողմից արմատավորվում է վախի ու ավտորիտարիզմի մթնոլորտ, որն ակնհայտորեն միտված է առաջիկա ընտրություններում իշխանությունների վերարտադրվելուն, ժողովրդին եւ ազատամարտիկներին լռեցնելու ճանապարհով Արցախի հիմնախնդրում զիջումների գնալուն», - ասված է փաստաթղթում:

Մտավորականների ֆորումի ավագանին համոզված է, որ «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» մեղադրանքը շինծու է, եւ դեկտեմբերի 9-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «իրավիճակից չբխող բիրտ մեթոդների» կիրառմամբ են ձերբակալել Սեֆիլյանին, Մալխասյանին եւ մի քանի տասնյակ ակտիվիստների:

«Հայրենիքի նվիրյալ ազատամարտիկներին Ամանորյա տոներին կալանքի տակ պահելը մեծագույն անբարոյականություն է», - ամփոփում են իրենց հայտարարությունը մտավորականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG