Մատչելիության հղումներ

Թախտալյանը հուսով է, որ «Նյու Յորք Լայֆ»-ի փոխհատուցումները կվճարվեն մինչեւ Ամանոր


«Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանալու պահանջով դիմած անձինք, ամենայն հավանականությամբ, մինչեւ Նոր տարի կստանան իրենց գումարները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Armenian Insurance Settlement Fund-ի գործադիր տնօրեն Բարսեղ Թախտալյանը:

«Նյու Յորք Լայֆ»-ը համաձայնել է փոխհատուցում վճարել այն հայերի ժառանգներին եւ իրավահաջորդներին, ովքեր Արեւմտյան Հայաստանում ու Թուրքիայում ապահովագրված են եղել այդ ընկերությունում եւ զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը: Բանկային փոխանցումները իրականացվելու են Armenian Insurance Settlement Fund-ի միջոցով:

Ապահովագրական ընկերության դեմ հարուցված գործում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը պաշտպանող փաստաբաններից Վարդգես Եղիայանը ավելի վաղ հայտնել էր, որ «Նյու Յորք Լայֆ»-ը նոյեմբերի կեսերից սկսել է փոխհատուցումների վճարումը դիմումատուներից 2515-ին, եւ բոլոր 5692 դիմումատուները մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում ստանալու են նամակ՝ դիմումներն ընդունվելու կամ մերժվելու վերաբերյալ:

Այնուհանդերձ, դիմումատուները բողոքում են, որ մինչ օրս որեւէ նամակ չեն ստացել:

Բարսեղ Թախտալյանի հավաստմամբ, ճիշտ է, ժամանակի մեջ հաշվարկը մի քիչ սխալ է կատարվել, սակայն մնացյալ ամեն ինչը ընթանում է բնականոն հունով:

Բանկը արդեն ստացել է գումարները Հայաստանում եւ սպասում է նամակներին: Դրանք դեռեւս Միացյալ Նահանգներում են եւ մոտ օրերս կուղարկվեն Հայաստան: Հայաստան հասնելու հաջորդ իսկ օրվանից դրանք կառաքվեն դիմողներին:

Թախտալյանը հույս հայտնեց, որ մոտ օրերս մարդիկ անպայման կստանան նամակները եւ անմիջապես կարող են բանկից ստանալ գումարները, եթե նամակը մերժման մասին չէ:

Նա գրեթե լիովին համոզված ասաց, որ նրանք, ովքեր հաստատվել են, Նոր տարին կդիմավորեն գումարները ստացած:

Ամենաշատ գումարը՝ շուրջ 3 միլիոն 600 հազար դոլար, փոխանցվել է Հայաստան, ուր փոխհատուցում է ստանալու 1254 մարդ: Երկրորդը Ամերիկան է, ուր փոխանցվել է 2 միլիոն 700 հազար դոլար՝ 896 մարդու համար, երրորդը՝ Ֆրանսիան է, չորրորդը՝ Կանադան: Ընդհանուր առմամբ, հայերը գումարներ են ստանալու 26 երկրներում:

Բաժանվելիք ամբողջ գումարը կազմում է 7 միլիոն 954 հազար դոլար: 3 միլիոնից քիչ ավելի գումար է մնալու, որը փաստաբանները բաժանելու են բարեգործական կազմակերպություններին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG