Մատչելիության հղումներ

Իր տասնամյա պաշտոնավարման ընթացքում ամենացավալի իրադարձությունը Քոֆի Անանը համարում է Իրաքի պատերազմը


Քոֆի Անանը Նյու Յորքում տված հրաժեշտի ասուլիսում որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար իր տասնամյա պաշտոնավարման ընթացքում ամենացավալի իրադարձությունը համարեց Իրաքի պատերազմը, որը չհաջողվեց կանխել:

Անանը շեշտեց, որ Իրաքի պատերազմը պետք է դաս լինի բոլորի համար, եւ որ առանց ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւի ոչ ոք չպետք է իրավունք ունենա մեկ այլ երկրի դեմ պատերազմական գործողություններ սկսել:

«Սեւ էջում» նա նշեց նաեւ ՄԱԿ-ի աշխատակիցների զոհվելը, երբ ահաբեկիչների թիրախ դարձավ Բաղդադում ՄԱԿ-ի գրասենյակի շենքը:

Քոֆի Անանը անդրադարձավ նաեւ «Նավթ պարենի դիմաց» ծրագրի հետ կապված սկանդալին՝ ցավալի իրադարձություն համարելով այն եւ հորդորելով առանձին բացթողումների պատճառով խաչ չքաշել ՄԱԿ-ի ամբողջ գործունեության վրա:

Հիշյալ ծրագրի ղեկավարը կիպրահայ Բենոն Սեւանն էր: Այդ ծրագիրը նպատակ ուներ իրաքցիներին հումանիտար օգնություն ցույց տալ, քանի որ երկրի հանդեպ պատժամիջոցներ էին կիրառվում: ՄԱԿ-ում նախաձեռնված հետաքննության արդյունքում կոռուպցիայի մեղադրանքներ առաջ քաշվեցին ծրագրի պատասխանատուների դեմ:

Բենոն Սեւանը մեղադրվում էր 150 հազար դոլար կաշառքով «Աֆրիքըն Միդլ Իսթ Փեթրոլիում» ընկերության համար պայմանագիր «դասավորելու» մեջ:

Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այդ ծրագրով բավական մեծ գումարներ էին վաստակել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի ազգականները, Քոֆի Անանի որդին:

Բենոն Սեւանը հրաժարական տվեց 2005 թվականին՝ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից մեկ օր առաջ: Հրաժարականի մասին նամակ հղելով Քոֆի Անանին՝ Սեւանը հերքեց իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, գրելով, թե ՄԱԿ-ի հանձնաժողովը որոշել է իրեն քավության նոխազ դարձնել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG