Մատչելիության հղումներ

Ահմադինեջադ. «Իրանական ազգը նորանոր բարձունքներ է նվաճելու»


«Իրանական ազգը «մերկ ձեռքերով» տիրապետել է միջուկային վառելիքի ստացման տեխնոլոգիային եւ նորանոր բարձունքներ է նվաճելու», - հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր երկրի Քերմանշահ նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ:

«Այսօր համաշխարհային տերությունները, որոնք խոսում են ուժի լեզվով, ունեն ատոմային զենքով լի զինանոցներ, ամեն օր անցկացնում են նոր փորձարկումներ եւ հակազդում են մեր խաղաղ միջուկային գործունեությանը», - ասել է Իրանի ղեկավարը: - «Նրանք անամոթաբար լռեցին, երբ [Իսրայելի] սիոնիստական ռեժիմը հայտարարեց իր մոտ ատոմային զենքի առկայության մասին: Նրանք մոռանում են [Ատոմային էներգիայի միջազգային] գործակալության բոլոր նորմերը եւ ցանկանում են օգտագործել միջազգային կազմակերպություններում իրենց ազդեցությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով»:

Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խորհրդատվություններ են ընթանում Իրանի միջուկային ծրագրին առնչվող բանաձեւի նախագծի շուրջ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, իր ելույթում Իրանի ղեկավարը նաեւ համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան Իրաք են եկել այդ երկրի նավթին տիրանալու նպատակով:

«[1980-88 թվականների] Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան մինչեւ ատամները զինել էին Սադամ Հուսեյնի ռեժիմին, նրան նյութական օգնություն եւ քարոզչական աջակցություն էին ցուցաբերում: Հետո, երբ Հուսեյնը նրանց այլեւս պետք չէր, իրաքյան ժողովրդին լծից ազատագրելու պատրվակով նրանք օկուպացրեցին Իրաքը», - հայտարարել է Ահմադինեջադը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG