Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը գրում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ստեղծած աշխատանքային խումբն այցելել է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին: Վերջիններս դժգոհություն չեն հայտնել մեկուսարանի պայմաններից ու աշխատակիցների վերաբերմունքից:

Հայաստանի տպագիր մամուլի ուշադրության կիզակետում վերստին նախագահ Քոչարյանի օրերս տված հարցազրույցն է հայաստանյան երեք հեռուստաընկերություններին։ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ակտիվ բանակցային գործընթացը մինչեւ խորհրդարանական ընտրությունները սառեցնելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը գնահատել է. - «Բանակցային գործընթացը 2007-ին եւս շարունակելու հարցում կողմերը եւ միջնորդ երկրները որեւէ տարաձայնություն չունեն, եւ ողջ խնդիրը միայն այն է, որ այդ ընթացքում բանակցային ճեղքումը գործնականում հնարավոր չէ ապահովել։ Նույն ժամանակամիջոցում գործնականում անհնար է նաեւ կողմերի միջեւ ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը արձանագրում են անգամ իրենք՝ Ադրբեջանի քաղաքական դետերը»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը, վերլուծելով նախագահի հարցազրույցի ներքաղաքական կողմը, գնահատել է. - «Ռոբերտ Քոչարյանը հստակ ակնարկեց, որ չի պատրաստվում մեկ ուրիշի հանձնել իշխանության ղեկը եւ եթե հիմա դա անում է նախագահի պաշտոնում, 2008 թվականին երկիրը կղեկավարի որպես վարչապետ»։ «Եվ հենց սա նկատի ուներ նա` ասելով, որ չի պատրաստվում դառնալ հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն», - ընդգծել է խմբագրականը` ուրվագծելով քաղաքական զարգացումների հետեւյալ սցենարը. - «Խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ։ Բայց որպեսզի այդ պաշտոնում նա շատ չուժեղանա, անհրաժեշտ է, որ ենթադրվող կոալիցիայում «Բարգավաճ Հայաստան»-ը հնարավորինս մեծ տեղ ունենա, իսկ Դաշնակցությունն էլ անհրաժեշտ է՝ դեպի ընդդիմություն գնալու մշտական սպառնալիքով Սերժ Սարգսյանի վրա ազդելու համար»։

«Չորրորդ իշխանություն» թերթը, հղում անելով նախագահական նստավայրի իր աղբյուրներին, գրել է, որ «արդեն Քոչարյանին է ներկայացվել 2007 թվականի մաժորիտար ցուցակը». - «Ըստ նախնական ցուցակի ուրվագծված են հետեւյալ համամասնությունները. 60 տեղ՝ ՀՀԿ-ին, 35 տեղ՝ Բարգավաճին, 20 տեղ՝ ընդդիմությանը, ընդ որում՝ հիմնականում անհատական «մակարդակով», իսկ մնացածը՝ ՀՅԴ-ին եւ ՄԱԿ-ին»։

Նախագահի նույն հարցազրույցին անդրադառնալով` «Առավոտ»-ի խմբագրականը արձանագրել է. - «Ներքաղաքական պայքարում, եթե իհարկե նման պայքար գոյություն ունի, վաղուց արդեն Ղարաբաղի մասին ոչ ոք չի խոսում։ Միակ բացառությունը Ժիրայր Սեֆիլյանն էր, նրան էլ ազատազրկեցին, պրծան: Քոչարյանն ասում է, որ չի պատրաստվում դառնալ թոշակառու։ Վատ չէր լինի գեթ մեկ ամսով դառնար ու տեսներ, թե ինչպես է ապրում իր ղեկավարած երկրի թոշակառուն»։

«Իրավունք»-ի գլխավոր խմբագիրը, իր հերթին, շեշտադրել է. - «Իր հեռուստաելույթում Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան»-ի փոխարեն, փաստորեն, պատասխանեց Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռեւս կայացած չէ: Քոչարյանը հեգնանքով հասկացրեց, որ կայացած չէ Հանրապետական կուսակցությունը, եւ դա բացատրեց նրանով, որ ՀՀԿ-ն ներկայացնող մենեջերները, ներգրավված լինելով գործադիր մարմնում, մոռացության են մատնել կուսակցական շինարարությունը: Այսինքն, Քոչարյանն ակնարկում էր, որ չկայացածը դուք են, պարոնայք Սերժ Սարգսյան եւ ընկերներ»:

«Հայք» պարբերականին տված հարցազրույցում Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը, փոխանցելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից տպավորությունը, առանձնացրել է. - «Ես կարծում եմ, որ Քոչարյանն իր համար վերջնականապես չի լուծել երրորդ անգամ առաջադրվել-չառաջադրվելու խնդիրը: Նա հույս ունի, որ կստեղծվի մի իրավիճակ, երբ ինքը կկարողանա նորից առաջադրվել: Բայց Քոչարյանն ու իր վարչախումբն այս տարիների ընթացքում այնքան անօրինականություններ են իրականացրել, որ իշխանափոխությունից հետո` անգամ եթե վերարտադրվեն, ես չեմ կարծում, որ նա հնարավորություն կունենա մնալ ու աշխատել Հայաստանի Հանրապետությունում»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG