Մատչելիության հղումներ

Ղուկասյանի կարծիքով, միջազգային հանրությունը «պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական պրոցեսներին»


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը երկուշաբթի օրը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբինի հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ միջազգային հանրությունը «պետք է նպաստի այն ժողովրդավարական պրոցեսներին, որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում»:

«Իմ կարծիքով, Սահմանադրության ընդունումը ոչ միայն չի խանգարում` ընդհանրապես նպաստում է բանակցային ընթացքին», - շարունակեց Ղուկասյանը` փաստարկելով. - «Որովհետեւ կարեւոր է, որ միջազգային հանրությունը հստակ իմանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տրամադրվածությունը եւ մոտեցումները այս կամ այն հարցին»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի «խորին համոզմամբ»` Լեռնային Ղարաբաղի սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ «այն միջազգային կազմակերպությունների արձագանքը, որոնք բացասական էին, վտանգում են ընդհանրապես բանակցային պրոցեսը»:

«Անվստահություն են սերմանում Լեռնային Ղարաբաղում եւ, բնական է, որ ժողովուրդը իրավունք ունի հարցականի տակ դնել այդ կարգի արձագանքները», - ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի` անցած շաբաթավերջի հայտարարությունը, թե մինչեւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու, Լեռնային Ղարաբաղի նախագահը ասաց. - «Ես չեմ գտնում, որ արհեստականորեն կարագացվեն կամ կպասիվացվեն այդ պրոցեսները, քանի որ այսօր... չկա ակտիվ բանակցային պրոցես Մինսկի խմբի շրջանակներում: Իսկ դուք գիտեք, որ ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը ուղղակի հանձնարարել է համանախագահողներին բանակցություններ կազմակերպել բոլոր կոնֆլիկտի կողմերի միջեւ, ինչը չի արվում: Որովհետեւ իրենց հանձնարարված է ակտիվ բանակցային պրոցես վերսկսել Մինսկի խմբի ֆորմատում, որտեղ ներկայացված են Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը եւ Ադրբեջանը»:

Առանձնակի լավատեսություն չհնչեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման առումով, քանի որ հայաստանյան խորհրդարանական ընտրություններին հետեւելու են Ղարաբաղի նախագահական ընտրությունները, որոնց կհետեւեն ընտրություններ Հայաստանում, Ադրբեջանում, Միացյալ Նահանգներում, Ղուկասյանը շարունակեց. - «Բայց ուզում եմ կրկնել այն ֆորմուլան, որի մասին ես բազմիցս խոսել եմ. առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության այս հարցը հնարավոր չէ լուծել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG