Մատչելիության հղումներ

«Նյու Յորք Լայֆ»-ից փոխհատուցման պահանջով դիմումների պատասխանները կառաքվեն Ամանորի տոներից հետո


«Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դեմ գործ հարուցած փաստաբաններից Մարկ Գերագոսի գրասենյակի աշխատակիցը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր ունեցած տվյալներով, ընկերությունից փոխհատուցում ստանալու պահանջով դիմածների բանկային չեկերը կամ մերժման մասին նամակները կառաքվեն Ամանորի տոներից հետո:

«Նյու Յորք Լայֆ»-ը համաձայնել է փոխհատուցում վճարել այն հայերի ժառանգներին եւ իրավահաջորդներին, ովքեր Արեւմտյան Հայաստանում ու Թուրքիայում ապահովագրված են եղել այդ ընկերությունում եւ զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը:

Ապահովագրական ընկերության դեմ հարուցված գործում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը պաշտպանող երեք փաստաբաններից Վարդգես Եղիայանը ավելի վաղ հայտնել էր, որ «Նյու Յորք Լայֆ»-ը նոյեմբերի կեսերից սկսել է փոխհատուցումների վճարումը դիմումատուներից 2515-ին, եւ բոլոր 5692 դիմումատուները մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում ստանալու են նամակ՝ դիմումներն ընդունվելու կամ մերժվելու վերաբերյալ:

Այնուհանդերձ, դիմումատուները բողոքում են, որ մինչ օրս որեւէ նամակ չեն ստացել:

Ամենաշատ գումարը՝ շուրջ 3 միլիոն 600 հազար դոլար, փոխանցվելու է Հայաստան, ուր փոխհատուցում է ստանալու 1254 մարդ: Երկրորդը Ամերիկան է, ուր փոխանցվելու է 2 միլիոն 700 հազար դոլար՝ 896 մարդու համար, երրորդը՝ Ֆրանսիան է, չորրորդը՝ Կանադան: Ընդհանուր առմամբ, հայերը գումարներ են ստանալու 26 երկրներում:

Բաժանվելիք ամբողջ գումարը կազմում է 7 միլիոն 954 հազար դոլար: 3 միլիոնից քիչ ավելի գումար է մնալու, որը փաստաբանները բաժանելու են բարեգործական կազմակերպություններին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG