Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանն այցելել է Իրան


Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հրավերով, կիրակի օրը աշխատանքային այցով Իրանում էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը:

Երկու երկրների արտգործնախարարներն իրենց հանդիպման ժամանակ նշել են, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ այս տարվա հուլիսին Իրան կատարած այցից հետո հետեւողականորեն կյանքի են կոչվում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես, Իրան-Հայաստան գազատարի, բարձր լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի, ինչպես նաեւ այլընտրանքային ճանապարհի շինարարության ծրագրերը:

Շոշափվել են նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Իրանի բազմաբնույթ համագործակցությունը ոչ միայն բխում է երկու երկրների շահերից, այլեւ նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Այս առումով կողմերն առանձնացրել են Հյուսիս-Հարավ առանցքի լիարժեք գործարկումը:

Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին` մտքեր փոխանակելով Իրաքի, Աֆղանստանի, Մերձավոր Արեւելքի զարգացումների շուրջ:

Վարդան Օսկանյանը ներկայացրել է վերջին զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:

Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությունը, քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է միջազգային կազմակերպություններում Իրանի միջուկային ծրագրերին առնչվող վերջին զարգացումները՝ շեշտելով միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի իրավունքը:

Այնուհետեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունել է Իրանի Մեջլիսի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելը:

Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG