Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 16-ը դեկտեմբերի)


«Ժամանակ Երեւան»-ը գրել է. - «Բոլորը՝ ովքեր մինչեւ երեկ կասկածներ ունեին, որ «Բարգավաճ Հայաստան»-ի հիմնադիրն ու իրական ղեկավարը հենց Ռոբերտ Քոչարյանն է, երեկ հնարավորություն ունեցան փարատելու իրենց կասկածները: «Իր հլու֊հպատակ հեռուստաընկերություններին» Քոչարյանի տված հարցազրույցից թերթին պարզ է դարձել երկու բան. - «Բարգավաճ Հայաստան»-ը վայելում է հասարակության համակրանքն ու աջակցությունը, եւ եթե ինքը այդ կուսակցության համար խորհրդարանական ընտրություններում ապահովի ցանկալի թվով ձայներ, ապա նախագահական ընտրություններից հետո չի հայտնվի քաղաքական թոշակառուի կարգավիճակում»:

«Հայկական ժամանակ»-ը նույ ն հարցազրույցի առնչությամբ նշել է, թե «Ռոբերտ Քոչարյանը երեկ ոչ միայն պաշտոնապես հաստատեց իր համար նախընտրելի քաղաքական ուժերի երկյակը, ոչ միայն նշեց ապագա խորհրդարանի ու կառավարության կազմը, այլեւ մի քանի պատգամ տվեց քաղաքական ընդդիմությանը»: «Ո՞ր քաղաքական ուժերն են, որոնց Քոչարյանը պատգամեց լինել ապագա խորհրդարանում ու կառավարությունում. դա Հանրապետական կուսակցությունն է, «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը եւ Միավորված աշխատանքային կուսակցությունը», - գրել է թերթը՝ հավելելով. - «Մնացած կուսակցություններին, փաստորեն, նրբորեն ակնարկվում է փակել իրենց քաղաքական օֆիսները ու գնալ տուն»:

«Հայք»֊-ը անդրադարձել է պաշտոնյաների հնարավոր փոխատեղումներին: Թերթի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ քննարկվում է Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանին պաշտոնանկ անելու հարցը: Նրա ճակատագիրը կարող է կիսել նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը: «Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների» համաձայն՝ Գորիկ Հակոբյանի պաշտոնին առաջիկայում հավակնում է Սերժ Սարգսյանի հետ սերտ կապեր ունեցող Արմեն Ավետիսյանը, որն այժմ զբաղեցնում է Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը: «Խոսվում է նաեւ, թե ամենամոտ ապագայում գլխավոր դատախազի պաշտոնին կարող է հրաժեշտ տալ Աղվան Հովսեփյանը», - գրել է թերթը: «Հայք»-ը նաեւ պնդում է, թե «Լոռիում եւ Արմավիրում մարզպետափոխություն իրականացնելուց հետո այժմ հերթը հասել է Արագածոտնին եւ Շիրակին, եւ մեծ է հավանականությունը, որ Շիրակի մարզպետի պաշտոնը կվստահվի անխոնջ եւ ընտրակեղծիքների մեջ հմտացած Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին»:

«Ազգ»֊-ը տեղեկացնում է, որ Արցախի Ժուռնալիստների միությունը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը անցկացրել են սոցիոլոգիական հարցում տեղեկատվության մատչելիության թեմայով: Հարցմամբ ընդգրկված 37 լրագրողների, որոնք ներկայացնում են 35 լրատվամիջոցներ, առաջարկվել է պատասխանել՝ ովքե՞ր են, նրանց կարծիքով, Լեռնային Ղարաբաղի ամենամատչելի եւ ամենաանմատչելի պաշտոնյաները: «Լավագույն եռյակում են հայտնվել ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իսկ վատագույնում նշվել են ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանի եւ արդարադատության նախարար Ռոբերտ Հայրապետյանի անունները», - գրել է թերթը:

«Առավոտ»֊-ի խմբագիրը զուգահեռներ է անցկացրել եվրոպացու եւ հայաստանցու միջեւ. - «Եթե եվրոպացու բարեկամն ընկնում է ոստիկանություն կամ դատախազություն, նա մտածում է, թե որտեղից լավ փաստաբան գտնի՝ իր բարեկամի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար: Եթե հայաստանցու բարեկամն է հայտնվում քաղմասում, նա ոտուձեռ է ընկնում՝ գտնելու այն ծանոթին, որի միջոցով կկարողանա կաշառք տալ ոստիկանության կամ դատախազության քննիչին՝ իր բարեկամին ազատելու համար: Եթե եվրոպացուն դուր չեն գալիս իր երկրի օրենքները, նա հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների միջոցով փորձում է այդ օրենքները փոխել: Եթե հայաստանցին սխալ է համարում օրենքները, նա հազարումի միջոց է գտնում՝ այդ օրենքները շրջանցելու: Երբ Եվրոպայի որեւէ երկրում ընտրությունների ժամանակն է մոտենում, եվրոպացին հարցնում է. - «Ո՞ւմ ընտրենք»: Հայաստանում այդ ժամանակահատվածում քաղաքացիները հարցնում են. - «Ո՞վ է անցնելու»:

«168 ժամ»֊-ը տեղեկացնում է. - «Որքան էլ անսովոր թվա այս նորությունը, բայց 2007 թվականի փետրվարի 17֊-ին Սան Պաուլոյի կառնավալում Բրազիլիայի կառնավալային ամենահայտնի սամբայի դպրոցներից մեկը, որպես իր սցենարի բաղկացուցիչ մաս, կներկայացնի Հայաստանը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG