Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ի փոխանցմամբ, Եվրամիության գագաթնաժողովի նախօրյակին Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը նամակ է հղել եվրոպական երկրների ղեկավարներին՝ մտահոգություն հայտնելով այն առնչությամբ, որ «առկա փակուղային իրավիճակը լրջորեն ռիսկի է ենթարկում Թուրքիայի անդամակցության գործընթացն ու Թուրքիա-Եվրամիություն փոխհարաբերությունները»: «Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը թուրք ժողովրդի գլխավոր առաջնահերթությունն է: Անդամակցության առումով Թուրքիային արված հավաստիացումները խրախուսել են մեր երկրում իրականացվող տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները», - գրել է Հայոց պատրիարքը:

Նույն թերթի մեկնաբանն այսօր Ժիրայր Սեֆիլյանին կալանավորելու շարժառիթները կապելով քաղաքական դաշտում հաստատված կանոնների սահմանազանցության հետ, շեշտադրել է. - «Բոլորն ընդունել են վաղուց, էն գլխից գծված խաղի կանոնները, տեղավորվում են այդ գծածի մեջ, ու ոտքերը մի թիզ անգամ դրանից դուրս չեն դնում: Բայց Սեֆիլյանը ինչ-որ նոր, նախապես գծվածի մեջ չտեղավորվող կառույցներ էր փորձում ստեղծել, նրա կողմնակիցները խոսում են արդար ընտրություններից ու չծախվելուց, սա ոչ մեկի, հատկապես իշխանության պլանների մեջ չի մտնում: Մեր իշխանությանը ձեռք է տալիս այս կանխատեսելի ընդդիմությունը, որն աղմկում է, գոլորշի բաց թողնում եւ լռում, աղմկում է, գոլորշի բաց թողնում... ու վերջ: Իսկ այս` Սեֆիլյանի ձեւավորած շարժումը, որ ազատագրված տարածքներից ոչ մի թիզ չհանձնելու, ազգային գաղափարախոսությունն ու ազգային շահը չանտեսելու նպատակներ էր դրել, եւ որի հետեւորդներն անկասկած լինելու էին գործող ընդդիմությունից մի քանի անգամ հիասթափվածները, կանգնեցնել չէր լինի: Ահա եւ հապճեպ կայացրած որոշումը՝ Սեֆիլյանին վերցնել հենց հիմա, Նոր տարուց առաջ, մի երկու-երեք ամիս կոտրել նրա կառույցների թափը, որից հետո նա հազիվ թե հասցնի ընտրական շարժընթացին միանալ»:

«Համարեք, որ քաղաքական գործիչ չեմ», - հայտարարել է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում: Թղթակցի հարցին, թե ի՞նչ են անելու հիմա Ալբերտ Բազեյանն ու նրա ղեկավարած կուսակցությունը, նա պատասխանել է. - «Իսկ ի՞նչ եք ուզում, որ մենք անենք: Չենք ենթարկվում, չենք ընդունում ռեժիմին. սա է այսօրվա վիճակը»: «Դա մեր գործն է, մեր իրավունքն է», - ասել է Բազեյանը: - «Ի վերջո, մենք ենք որոշում՝ շարունակե՞լ զբաղվել քաղաքականությամբ, թե՞ ոչ»:

«Իրավունք»-ի փոխանցմամբ, «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Միտք» վերլուծական կենտրոնի հարցազրույցում, մասնավորապես, պնդել է. - «Ոչ ճիշտ եւ ոչ էլ բավարար եմ համարում այն, ինչ անում են ներկայումս Հայաստանի իշխանությունները ոչ միայն Լեռնային Ղարաբաղում եւ Ջավախքում, այլեւ բուն Հայաստանում: Իրականացվում է սխալ արտաքին, տնտեսական քաղաքականություն: Ազատագրված տարածքներում վերաբնակեցման քաղաքականությունը ձախողվել է»:

«Օրինաց երկիր» շաբաթաթերթի պնդմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «գլխին ամպեր են կուտակվել». - «Չնայած այն բանին, որ մարզում հաստատվել է գրաքննություն եւ լռեցվել է ամեն մի քննադատություն, այնուամենայնիվ, երկրի ղեկավարների հասցեներով հղվել են բազմաթիվ նամակներ, որոնցում ներկայացված է իրեն յուրահատուկ միապետ հռչական Սուրիկ Խաչատրյանի գործունեությունը: Հենց այս հանգամանքն էլ խիստ զայրացրել է երկրի իշխանություններին, եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատրաստվում է առաջիկայում պաշտոնանկ անել եւս մի մարզպետի: Չնայած համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի գործադրած անդուլ ջանքերին` պահպանել Սուրիկ Խաչատրյանի պաշտոնը, այդուհանդերձ, քաղաքական որոշումը, ըստ թերթի աղբյուրների, արդեն կայացվել է»:

«Նույն սանրի կտավները» խորագրի ներքո «Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ոչ մի լուրջ գիտնական այսօր չի հավակնի «ԳԱԱ թղթակից անդամ» անհեթեթ կոչմանը: Ոչ մի լուրջ հետազոտող հիմա չի փորձի դառնալ, ասենք, քաղաքագիտության թեկնածու, երբ հայտնի է, թե ինչ «իմաստասերներ» են այդ կոչումով ներկայանում: Նույն տրամաբանությամբ, ոչ մի կարգին մարդ այսօր չի ձգտի Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր դառնալ, քանի որ չի ցանկանա հայտնվել իրենց գործարար համարող պատեհապաշտ բթամիտների շարքում»: «Մի խոսքով, Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու լուրջ հիմնավորումներ չկան», - եզրակացնում է թերթի գլխավոր խմբագիրը, ապա հավելում. - «Այդ է պատճառը, որ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, զբաղվում են, ունեն այլ` քաղաքականությունից հեռու շարժառիթներ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG