Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ստեղծվել է հայկական նոր լոբբիստական խումբ


Ամերիկահայությունը ուժեղացնում է իր քաղաքական ներազդեցությունը Վաշինգտոնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նորաստեղծ ամերիկա-հայկական լոբբիստական կազմակերպության` ԱՄՆ-Հայաստան հասարակական հարցերով հանձնաժողովի (U.S.-Armenia Public Affairs Committee - USAPAC) գործադիր տնօրեն Ռոս Վարթյանը:

Հայկական շահերը Վաշինգտոնում պաշտպանելու համար ստեղծված այս կառույցի հիմնադիրը եւ բարերարը Ջերարդ ԳաՖեսճեանն է, որը մեծ հատկացում է կատարել կառույցի համար:

Ռոս Վարթյանը Վաշինգտոնի ամենահայտնի հայ լոբբիստներից մեկն է, նա երկար ժամանակ աշխատել է Ամերիկայի հայկական համագումարում, եղել է այդ կառույցի գործադիր տնօրենը: Ղեկավարել է նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտի ստեղծման աշխատանքները:

Հետեւելով Ամերիկայի հրեաների օրինակին` Ռոս Վարթյանի ղեկավարած նոր լոբբիստական խումբը նպատակ ունի ուժեղացնել հայկական լոբբիստական աշխատանքը Միացյալ Նահանգներում: Հայ-ամերիկյան եւ ղարաբաղա-ամերիկյան հարաբերությունների սերտացումը, խմբի տնօրենի կարծիքով, շատ կարեւոր է, եւ նորաստեղծ կառույցը նպատակ ունի իր ուրույն նպաստը բերել այս բնագավառում:

Հարցին, թե արդյո՞ք սա Ամերիկայի հայկական համագումարից անջատված խումբ չէ, չէ՞ որ եւ Գաֆեսճեանը, եւ ինքը` Ռոս Վարթյանը, համագումարի խորհրդի անդամներ էին, վերջինս պատասխանեց. - «Ես հստակ ուզում եմ ասել, որ մենք Հայկական համագումարից անջատված խումբ չենք»:

Նա հավելեց, որ իրենք շարունակում են մնալ Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամներ, եւ այստեղ ոչ մի հակասություն չկա. - «Այս խումբը տարբերվում է Հայկական համագումարից»:

«Մինչեւ խմբի ստեղծման մասին հայտարարությունը մենք խորհրդակցել ենք եւ Հայկական համագումարի, եւ Հայ դատի հանձնախմբի հետ եւ տեղեկացրել ենք նրանց, թե ինչու ենք ստեղծում այս խումբը եւ ինչով ենք զբաղվելու: Մենք ասել ենք նաեւ, որ խումբը համագործակցելու է նրանց հետ», - շարունակեց Ռոս Վարթյանը:

Այս նորաստեղծ լոբբիստական խումբը ուսումնասիրել է Վաշինգտոնում գործող հրեական լոբբիստական խմբի փորձառությունը, եւ, Վարթյանի խոսքերով, այն արդեն իսկ լավ կապեր է հաստատել Ամերիկայի հրեական կառույցների հետ:

Հայտնի է, որ պարոն Գաֆեսճեանը մոտ է Հայաստանի կառավարությանը: Արդյո՞ք այս խումբը չի պատրաստվում առաջ տանել հենց Հայաստանի կառավարության օրակարգը Վաշինգտոնում: Այս հարցին Վարթյանը պատասխանեց, թե USAPAC-ը որեւէ առնչություն չունի Հայաստանի կառավարության հետ. - «Մենք ամերիկահայերի շահագրգիռ մի խումբ ենք, որը նպատակ ունի ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները: Հնարավոր է, որ Հայաստանի կառավարությունը ողջունի մեր նախաձեռնությունը, բայց դա չի նշանակում, թե մենք առաջ ենք տանելու Հայաստանի կառավարության օրակարգը»:

Հարցին էլ, թե ԱՄՆ-Հայաստան հասարակական հարցերով հանձնաժողովը ինչ-որ կերպ կարձագանքի՞ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, կքննադատի՞ Հայաստանի կառավարությանը, եթե, ասենք, առաջիկա ընտրություններում խախտումներ լինեն, նորաստեղծ կառույցի գործադիր տնօրենը արձագանքեց, թե «խումբը լրջորեն է ընդունել Հայաստանի պարտավորությունները ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ». - «Իսկ Հայաստանի կառավարությունը հրապարակավ պարտավորվել է արդար եւ ազատ ընտրություններ անցկացնել: Եթե ընտրությունները չհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ապա դա ակնհայտ կլինի ամբողջ աշխարհին, այդ թվում նաեւ մեր USAPAC-ին, եւ մեզ համար խնդիր չի լինի քննատել: Սակայն մենք այստեղ ենք ոչ թե քննադելու, այլ աջակցելու համար»:

ԱՄՆ-Հայաստան հասարակական հարցերով հանձնաժողովը պատրաստվում է դիմակայել նոր մարտահրավերների: Խոսելով դրանց մասին, Վարթյանը նշեց. - «Ամերիկան ֆիզիկական կախվածություն է ձեռք բերել նավթից: Եվ այդ պատճառով մենք մարտահրավեր ունենք Ադրբեջանում: Ադրբեջանը վերահսկում է ոչ միայն իր նավթն ու գազը: Աշխարhագրական դիրքը հնարավորություն է տալիս այդ երկրին նաեւ խողովակաշարերի միջոցով վերահսկել նավթի եւ գազի հոսքը իր արեւելյան հարեւաններից: Խողովակաշարը հզոր զենք է, որ այդ երկիրն օգտագործում է, եւ այդ պատճառով Ադրբեջանը ավելի շատ ազդեցություն ունի Վաշինգտոնում, քան արժանի է դրան»:

Մյուս մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացն է: «Այն խաղաղ գործընթացը, որ մենք ենք հասկանում, եւ այն, ինչ ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ են հասկանում, միանգամայն տարբերվում են միմյանցից: Մեր խնդիրն է վերացնել այդ տարբերությունը», - ասաց Ռոս Վարթյանը` նկատելով, որ իր խումբը օժանդակելու է Հայաստանի պաշտոնական դիվանագիտությանը Ղարաբաղի հարցում:

«Մեր երրորդ մարտահրավերը Հայաստանի մեկուսացվածությունն է: Այն մասամբ պայմանավորված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պարտադրված շրջափակմամբ: Բայց կա նաեւ իրական մեկուսացում, քանի որ Հայաստանը ելք չունի դեպի ծով: Հայաստանը փոքր երկիր է եւ հեշտությամբ շրջանցվում է մյուսների կողմից», - շարունակեց նորաստեղծ կառույցի գործադիր տնօրենը: - «Մյուս խնդիրը վերաբերում է էներգետիկային: Դժբախտաբար, Հայաստանը կախված է ոչ անվտանգ միջուկային էներգիայից: Եվ մենք պետք է կենտրոնանանք նաեւ էներգիայի հարցերի վրա»:

USAPAC-ը, Վարթյանի փոխանցմամբ, ցանկանում է նաեւ լուծել հայ-ամերիկյան առեւտրական հարցերը: Ամերիկահայ այս լոբբիստական խումբը նպատակ է դրել օգնել մեծացնելու հայ-ամերիկյան առեւտրի ծավալը:

Նորաստեղծ խումբը ունենալու է չորս առանձին կառույցներ, Կրթական եւ աջակցության խումբ, ԱՄՆ - Հայաստան քաղաքական գործողության կոմիտե, Ընտրական գործընթացների խումբ եւ ԱՄՆ - Հայաստան հարցերի հանձնաժողով: Այս կառույցները հնարավորություն են տալու անմիջականորեն ներգրավվել ամերիկյան ընտրական գործընթացներին` հայկական հարցերն առաջ տանելու եւ ամերիկահայության քաղաքական ազդեցությունը ուժեղացնելու մտադրությամբ: «Այս նոր կառույցները, ի տարբերություն, Ամերիկայի հայկական համագումարի, իրավունք են ունենալու ակտիվորեն ներգրավվել ամերիկյան ընտրական գործընթացներին», - փոխանցեց Վարթյանը:

Ի պատասխան սփյուռքի համար ավանդական դարձած երկու կարեւորագույն խնդիրներին` Թուրքիային եւ Ցեղասպանությանը, վերաբերող հարցին, նորաստեղծ կառույցի ներկայացուցիչը ասաց. - «Մենք կողմ ենք, որ Թուրքիան միանա Եվրամիությանը` պայմանով, որ այդ երկիրը բավարարի Եվրամիության բոլոր պահանջները, քանի որ Եվրամիության անդամ Թուրքիան ավելի բարեկամական կլինի Հայաստանի նկատմամբ»:

Իսկ Ցեղասպանության ճանաչումը, Վարթյանի խոսքերով, իրենց օրակարգի կարեւոր խնդիրներից մեկն է:

Նա ասաց, որ USAPAC-ը նույնպես աջակցել է, որ Սենատը հետ վերադարձնի Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար:

Խումբն արդեն գրասենյակներ է ձեռք բերել Վաշինգտոնում, աշխատակազմն արդեն ձեւավորված է: Ռոս Վարթյանը կոնկրետ պատասխան չտվեց հարցին, թե ինչ միջոցներ ունի կառույցն իր տրամադրության: Ասաց միայն, պարոն Գաֆեսճեանը «լուրջ գումար է հատկացրել, որը կարելի չափել հարյուր հազարներով»:

«Մենք նոր դոնորներ կգտնենք եւ կավելացնենք մեր անդամների թիվը», - եզրափակեց Ռոս Վարթյանը` ավելացնելով, որ նորաստեղծ լոբբիստական կառույցը արդեն իսկ լավ կապեր է հաստատել Ամերիկայի հրեական կառույցների հետ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG