Մատչելիության հղումներ

ANS-ի վերջնական ճակատագիրը կորոշվի փետրվարին


ANS հեռուստաընկերության եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը կվերականգնվի արդեն այսօր, սակայն ANS-ի վերջնական ճակատագիրը կորոշվի փետրվարի 5-ին: Ինչպես երեկ երեկոյան հայտարարեց Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի նախագահ Նուշիրվան Մահերամլին, խորհուրդը չեղյալ չի հայտարարել իր այն որոշումը, ըստ որի, ANS-ին պատկանող հեռուստա- եւ ռադիոհաճախությունները դրվում են մրցույթի:

«ANS-ը կարող է հայտ ներկայացնել` մասնակցելով մրցույթին, բայց եթե ընկերությունը պարտվի, այդ դեպքում դրա գործունեությունը կդադարեցվի», - զգուշացրել է խորհրդի նախագահը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը ընդամենը երեք շաբաթ առաջ որոշել էր դադարեցնել ադրբեջանական ամենամեծ մեդիահոլդինգի` «ANS գրուպ»-ի կազմում ընդգրկված ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը, ինչ էլ ի կատար էր ածվել հաշվված ժամերի ընթացքում:

Նոյեմբերի վերջին իրենց այս քայլը խորհրդի նախագահը պատճառաբանում էր ANS-ի պահվածքով: Մահերամլիի պնդմամբ` «ընկերությունը բազմիցս խախտել էր գործող օրենքները»:

Երեկ երեկոյան եւս Մահերամլին կրկնեց, թե «անցած ամիսներին ANS-ի ղեկավարությունը մի քանի անգամ լրջորեն խախտել է երկրի օրենքները` մասնավորապես Շեքիի շրջանում առանց արտոնագրի ռադիոկայան բացելով»: Բացի այդ, ըստ խորհրդի նախագահի, ընկերության ղեկավարները «մշտապես անտեսել են կարգավորող մարմնի պաշտոնական նախազգուշացումները»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG