Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը


Դեկտեմբերի 10-ին ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավարներից Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը:

Ըստ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի` երկուշաբթի օրը տարածած հայտարարության, կազմակերպության ղեկավարների դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով:

Արդեն երկրորդ օրն է, ինչ Սեֆիլյանը պահվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կազմակերպության փոխնախագահ Արմեն Եղյանը, բացի Սեֆիլյանից, անազատության մեջ են գտնվում կազմակերպության եւս 7-8 անդամներ:

«Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը Երեւանում եւ մի շարք մարզերում տեղի են ունեցել բազմաթիվ ձերբակալություններ այն կամավորականների շրջանում, ովքեր դեկտեմբերի 4-ին համաժողով անցկացրեցին՝ «Հայ կամավորականների համախմբում» ֆորմատում, եւ բացահայտորեն ծրագրեր առաջարկեցին, որը «Իրավունք» թերթում շատ մանրամասնորեն ներկայացվեց», - ասաց Արմեն Եղյանը: - «Մեղադրանքը բոլորին սա է՝ «դուք ձեր համաժողովի ժամանակ հնչեցրել եք կոչեր, որոնք ենթադրում են իշխանությունը բռնի զավթելու մեղադրանքներ»:

Ըստ նրա, մոտ երեք տասնյակ մարդկանց տներում կատարվել են խուզարկություններ՝ «իբր թե զենք հայտնաբերելու եւ այդ հեղաշրջման ծրագրերը հայտնաբերելու իմաստով»:

Ներկայացված մեղադրանքները Արմեն Եղյանը որակեց «սովորական անհեթեթություն»:

«Ուղղակի անհեթեթություն է՝ նման գնահատականներ տալ նրան, ինչ տեղի է ունեցել ժողովում եւ տեղ է գտել ժողովականների արտահայտություններում», - հայտարարեց Եղյանը: - «Մենք երկու ամիս առաջ ընդունել ենք կոչ-հայտարարություն, որը ընդամենը վերջերս բացահայտեցինք, եւ դա մամուլում գրավոր ներկայացված է: Իսկ եթե մեկ-երկուսի ելույթներում կարող էին իրենց ցանկացած մտքերը գտնել եւ նման որակումներ տալ՝ դա պարզապես, այս դեպքում, միանշանակ քաղաքական հետապնդման հանգամանք ունի իր մեջ»:

Ի պատասխան «քաղաքական հետապնդման» պատճառներին վերաբերող հարցի՝ Արմեն Եղյանը նշեց, որ Սեֆիլյանը վերջին տարիներին համակարգել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը, նաեւ «Հայ կամավորականների համախմբման» նախաձեռնողներից էր, ինչպես նաեւ մի նախագիծ ուներ, որը իրենք պատրաստվում են երեքշաբթի օրը բացահայտել. - «Ազատագրված տարածքների վերաբնակեցման եւ Ջավախքի զարգացման հիմնադրամ ենք գրանցել՝ կոչվում է «Արաքս-Կուր»:

«Գուցե այս նախագծերն են, որ իշխանություններին բացարձակապես ձեռք չեն տալիս», - ասաց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության փոխնախագահը: - «Եվ առանցքում լինելով Սեֆիլյանը՝ նրան մեկուսացնում են. գիտեք, որ նա քաղաքացիության պրոբլեմ ունի, բազմիցս դիմումները անարձագանք են մնում նախագահի կողմից, եւ գուցե վտանգ կա նաեւ նրան երկրից արտաքսելու»:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ հայտարարության բովանդակությանը, ապա դրանում, ըստ Արմեն Եղյանի, «մենք՝ հայ կամավորականներս, մեր պարտք ենք համարում, առաջին հերթին, չեզոքացնել այն վտանգը, որը կախված է, Արցախի մասով, ազատագրված տարածքների գլխին. իշխանությունները տարածքային զիջումների մասին բացահայտ ասում են, մենք պատասխանատվություն ենք զգում եւ ոչ մի թիզ զիջելու հնարավորություն ոչ մեկին չենք տալու՝ դա մենք բացահայտ ենք ասում»: Եվ երկրորդը՝ «մեզ նաեւ պարտավորված ենք համարում մասնակցելու երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական, բարոյական գործընթացներին»:

«Կարծում եք, ձեր գործընկերների ձերբակալությունը մեծամասամբ կապված է տարածքների վերադարձմանը ընդդիմանալո՞ւ հետ», - այս հարցին նախաձեռնության փոխնախագահը պատասխանեց. - «Ես միանշանակ այդպես չեմ պնդի, բայց նաեւ այդ հանգամանքը շատ ամուր կերպով կա»:

Ըստ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ այն մասին, որ Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա մի շարք կողմնակիցների նախաձեռնած այսպես կոչված «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպությունը, չունենալով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գրանցում, նպատակ է հետապնդել ՀՀ-ում առաջիկա քաղաքական գործընթացներին հակաիրավական, ուժային միջամտություն ցուցաբերել, մասնավորապես 2007 թվականին կայանալիք ընտրությունների ընթացքը ուղղորդել՝ դիմելով ծայրահեղական գործողությունների»:

«Դեկտեմբերի 2-ին, Երեւանի պարարվեստի ուսումնարանի դահլիճում կայացած փակ համաժողովի ընթացքում կառույցի որոշ ղեկավարների կողմից ՀՀ պետական իշխանությունը բռնությամբ, ուժային ճնշման, միջոցների մեջ խտրականություն չդնելով զավթելու, կոնկրետ գործողությունների դրդող հրապարակային կոչեր են արվել, հայտարարելով, որ պետք է միայն զինված պայքարով, ապստամբությամբ ազատվել գործող իշխանություններից: Ներկայացվել են այդ ուղղությամբ գործողությունների ծրագրեր», - ասված է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG