Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. «Հայաստանի ներքին համախառն արդյունքի 50 տոկոսը վերահսկվում է 45 ընտանիքի կողմից»


Հայաստանի նախկին վարչապետը այսօր հայտարարել է, որ «Հայաստանի ներքին համախառն արդյունքի 50 տոկոսը վերահսկվում է 45 ընտանիքի կողմից»:

Նրա կարծիքով` սահմանները փակ պահելու հետեւանքը «Հայաստանում մրցունակ դաշտի բացակայությունն է եւ տնտեսության մոնոպոլիզացիան»:

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրադրությանը` նախկին վարչապետը կանխատեսում արեց, թե երկրում «երկար ժամանակ բացահայտ ճգնաժամ չի լինի»:

«Երշիկ ու պանիր արտադրելով, մի կերպ կբաժանենք միմյանց մեջ, բայց օրը կգա, երբ այս տնտեսական թուլացումը անպայման կհանգեցնի նրան, որ ինչ-որ մեկը կորոշի մեզ վերացնել, որովհետեւ աշխարհում այդպես է՝ եթե դու տեսնում ես, որ հարեւանդ թույլ է եւ նրան չես խժռում, նա քեզ կխժռի»,֊ - ասաց Բագրատյանը:

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ներկա իշխանությունների արտաքին քաղաքականության արդյունքում Ղարաբաղի հարցը դժվար թե հօգուտ Հայաստանի լուծվի: Նա նաեւ կողմ արտահայտվեց Ադրբեջանի գրավյալ տարածքների բնակեցմանը:

«Եվրախորհրդում գլուխ ենք գովում, ասում ենք, թե մարդ չի ապրում: Եթե ասեինք, որ մի քանի հարյուր հազար կա, ավելի բարձր վարկանիշ կունենայինք»,֊ - կարծիք հայտնեց նախկին վարչապետը, որը գլխավորում է «Ազատություն» կուսակցությունը:

Նա հայտնեց, որ դեռ չի որոշել, թե ինչպես է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Պառլամենտական ընտրությունները ուղղված կլինեն իշխանությունը իշխանությունների միջեւ բաժանելուն: Բայց 2008 թվականին, կարծում եմ, չգիտեմ ո՞ր ընդդիմությունը, բայց ավելի լուրջ կլինի»,֊ - կանխատեսեց Հրանտ Բագրատյանը:

2008 թվականին Հայաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:

Հրանտ Բագրատյանը 90-֊ական թվականների առաջին կեսին գլխավորել է Հայաստանի կառավարությունը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG