Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում գործում է «Հայկական մշակութային ժառանգության իրավիճակը Նախիջեւանում» ցուցահանդեսը


Ստրասբուրգի քաղաքապետարանի սրահում մինչեւ դեկտեմբերի 10-ը կգործի «Հայկական մշակութային ժառանգության իրավիճակը Նախիջեւանում» ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, ցուցահանդեսի բացմանը, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը, ելույթ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ընդգծելով հայկական ճարտարապետական ժառանգության դրամատիկ վիճակը Նախիջեւանում` Օսկանյանն իր ելույթում ասել է. - «Այս ցուցահանդեսը ոչ միայն վկայում է հայկական ներկայությունն այդ շրջանում, դեռեւս 20-րդ դարասկզին լավ վիճակում գտնվող հայկական եկեղեցիների գեղեցկությունը, ռոմանական արվեստի արժեքները, այլ մերժում է համայն մարդկությանը պատկանող բազմադարյա հայկական հուշարձանների պարբերաբար ոչնչացման քաղաքանությունը»:

«Այս պետական վանդալիզմը առաջացրել է միջազգային հանրության բացասական արձագանքները՝ մասնավորապես Եվրոպական Խորհրդարանի», - շարունակել է Հայաստանի արտգործնախարարը։ - «Բայց ադրբեջանական իշխանությունները լռության են մատնել ավերումներին վերջ դնելու կոչերը եւ շարունակում են արգելել այդ վայրերը այցելելու ցանկություն հայտնած միջազգային փորձագետների եւ խորհրդարանականների մուտքը»:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Էլզաս-Հայաստան բարեկամություն» ֆրանս-հայկական կազմակերպությունը` Ստրասբուրգի քաղաքապետարանի հովանու ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG