Մատչելիության հղումներ

Ռուանդայի առաջնորդը Ֆրանսիայի վարչապետին մեղադրում է ցեղասպանությանն աջակցելու մեջ


Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն հայտարարել է, թե Ֆրանսիայի ներկայիս վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությանն աջակցած ֆրանսիացի պաշտոնյաների թվում էր:

«Կան ֆրանսիացի պաշտոնյաներ, ովքեր անմիջականորեն ներգրավված էին կատարվածում եւ ովքեր այսօր ողջ եւ առողջ են, նրանց թվում՝ Ֆրանսիայի ներկայիս վարչապետը, ով այն ժամանակ արտգործնախարարության գրասենյակի տնօրեն էր», - ասել է Կագամեն BBC-ին տված հարցազրույցում:

Ռուանդան նոյեմբերի վերջին խզել է դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, երբ ֆրանսիացի դատավորը Կագամեին մեղադրել է Ռուանդայի նախկին նախագահ Ժյուվենալ Հաբիյարիմանայի սպանության համար: Հաբիյարիմանան զոհվել է 1994 թվականին ավիաաղետի հետեւանքով, եւ նրա մահը, ըստ լայնորեն տարածված կարծիքի, հանդիսացել է Ռուանդայի 800 հազար թութսիների եւ չափավորական հութուների ցեղասպանության մեկնարկը:

Մեծ Բրիտանիա այցելած Կագամեն հերքել է իր առնչությունը Հաբիյարիմանայի մահվանը եւ, իր հերթին, կոտորածներին ակտիվորեն աջակցելու մեջ մեղադրել է Ֆրանսիային:

«Ֆրանսիան է աջակցել ցեղասպանություն իրականացրած ուժերին, վարժեցրել, զինել է նրանց, մասնակցել է այն ուժերի դեմ պայքարին, որոնք փորձում էին կանխել ցեղասպանությունը», - ասել է Կագամեն BBC ռադիոկայանին:

Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ժան-Բատիստ Մատտեին, սակայն, հերքել է Կագամեի մեղադրանքները եւ հայտարարել, որ Ֆրանսիան ակտիվորեն մոբիլիզացնում էր միջազգային հանրությանը՝ օգնելու Ռուանդայի ցեղասպանությունից տուժածներին:

«Ձեր պնդումները հիմնազուրկ են», - էլեկտրոնային ճեպազրույցում Կագամեին ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակը:

«Ռոյթերս» գործակալության վկայությամբ, Կագամեն ինքը թութսի է եւ վայելում է ցեղասպանությունից փրկվածներից շատերի ակնածանքը, քանի որ նրա «Ռուանդայի հայրենասիրական ճակատ» կոչվող ապստամբ բանակը հաղթել է հութու զինյալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG