Մատչելիության հղումներ

Բուշը «մեծագույն լրջությամբ» կընկալի Իրաքի հարցով հանձնախմբի զեկույցը


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վստահեցրել է, որ մեծագույն լրջությամբ է ընկալելու Իրաքի հարցով երկկուսակցական հանձնախմբի զեկույցը, որով, CNN-ի վկայությամբ, ամերիկյան վարչակազմին կոչ է արվելու փոխել քաղաքականությունը Իրաքյան պատերազմում եւ մինչեւ 2008 թվականի սկիզբը դուրս բերել ամերիկյան զորքերի մեծ մասը: Ըստ Բուշի, Սպիտակ տունը «իր ժամանակին» կարձագանքի հանձնախմբի հետեւություններին:

«Իրաքում Միացյալ Նահանգների ուժերի առաջնահերթ առաքելությունը պետք է լինի իրաքյան բանակին աջակցելը», - ըստ CNN-ի իրազեկ աղբյուրների` ասված է այսօր հրապարակված զեկույցում: - «Հստակ է, որ Իրաքի կառավարությունը դեռ որոշ ժամանակ զգալու է Միացյալ Նահանգների օժանդակության կարիքը: Այնուհանդերձ, Միացյալ Նահանգները չպետք է ձգտի Իրաքում մեծաքանակ զորքեր պահել անորոշ ժամկետով»:

Զեկույցը Բուշի վարչակազմին հորդորում է նաեւ հանդես գալ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական նոր նախաձեռնությամբ:

Հանձնախումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը եւ Դեմոկրատական կուսակցությունից նախկին կոնգրեսական Լի Համիլթոնը, իր զեկույցում Իրանի, ինչպես նաեւ Սիրիայի հետ Միացյալ Նահանգների ուղիղ բանակցությունների կոչ է անում, ինչից Բուշի վարչակազմը հետեւողականորեն հրաժարվել է:

Հանձնախումբը գտնում է, որ ԱՄՆ-ի նախագահի հռչակած նպատակին՝ Իրաքում կենսունակ կառավարության ձեւավորմանը օժանդակելուն, հնարավոր չէ հասնել առանց Մերձավոր Արեւելքի այլ պետությունների լուրջ օգնության:

«Ցանկացած երկիր, այդ թվում՝ Իրաքի բոլոր հարեւանները, շահագրգռված է Իրաքում քաոսից խուսափելու մեջ», - ասված է զեկույցում:

Ըստ զեկույցի, առաքելությունը Իրաքում ձախողվելու է` քանի դեռ Բուշի վարչակազմը եւ նորընտիր Կոնգրեսը՝ իր դեմոկրատական մեծամասնությամբ, չմիավորեն իրենց ջանքերը այդ հարցում:

«Հաջողությունը կախված է քաղաքական բեւեռացման ժամանակաշրջանում ամերիկացի ժողովրդի միասնականությունից», - ասված է զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG