Մատչելիության հղումներ

Այսօրվանից Հայաստանը օրհներգ չունի՞


Ազգային ժողովը երեքշաբթի օրը չկատարեց սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթի պահանջը՝ մեկ տարվա ընթացքում երկրի օրհներգը օրենքով սահմանելու մասին: «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում մեկնաբանելով այդ փաստը` սահմանադրական իրավունքի մասնագետ Հրայր Թովմասյանը ասաց, որ փոփոխված Սահմանադրության 117-րդ հոդվածի երկրորդ կետի «զուտ քերականական, տառացի մեկնաբանության պարագայում մենք այսօրվանից օրհներգ չենք ունենա»:

Նա պարզաբանեց, որ եթե սահմանադրական փոփոխություններից հետո մեկ տարվա ընթացքում օրհներգը չի սահմանվել, «դրանից հետո՝ մինչեւ սահմանելը, գործողը, ըստ էության, գոյություն չունի»:

«Բայց երկիրը չի կարող մնալ առանց օրհներգի, եւ հուսով եմ, որ այդ օրհներգը մոտ օրերս օրենքով կսահմանվի եւ արագ ուժի մեջ կմտնի», - հավելեց Թովմասյանը:

Հարցին, թե «արդյոք կարելի՞ է ասել, որ խորհրդարանը երեկ խախտեց սահմանադրությունը՝ օրհներգը օրենքով չսահմանելով», Հրայր Թովմասյանը պատասխանեց. - «Ընդհանրապես, կոլեգիալ մարմինների պարագայում, երբ այդ որոշումն ընդունողը մեկ անձ չէ, այլ կոլեգիալ մարմին է, բավական դժվար է դա ասել, քանի որ եթե երեք ամսվա ընթացքում խորհրդարանը որեւէ հարցի վերաբերյալ որեւէ որոշում չի ընդունում, այն կարող է լուծարվել»:

«Ազգային ժողովի անգործության պատճառով երկիրը առանց օրհներգի չի կարող մնալ», - շեշտեց սահմանադրական իրավունքի մասնագետը:

«Եթե մեր պետությունը այլ երկրներում ներկայացնելու եւ օրհներգը հնչեցնելու խնդիր լինի, մեր պետությունը Սահմանադրությունը խախտա՞ծ կլինի, եթե «Մեր Հայրենիք»-ը հնչեցնի», - այս հարցին Հրայր Թովմասյանը պատասխանեց. - «Այդ պարագայում` դո'ւք ասացիք, որ խախտած կլինի»:

Օրվա երկրորդ կեսին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց. - «Տհաճ է: Բայց երեւի մի քանի օր մենք պաշտոնապես օրհներգ չենք ունենա. իրավական տեսակետով չենք ունենա, բայց գործնականում այդպիսի մեծ ազդեցություն չի ունենա այս մի քանի օրը մեր պետության գործունեության վրա: Մենք կփորձենք մոտակա շրջանում արտահերթ նիստ հրավիրել եւ այդ խնդիրը լուծել»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG