Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի արտգործնախարարները հետաձգեցին կազմակերպությունում Ղազախստանի նախագահության հարցի քննարկումը


Երեկ Բրյուսելում ավարտված ԵԱՀԿ-ի անդամ պետությունների արտգործնախարարների 14-րդ հավաքը, ինչպես եւ նախորդ տարիներին, անցավ Ռուսաստանի ու Արեւմուտքի սուր բանավեճի ֆոնին: Այս անգամ դրա ամենավառ ապացույցը դարձավ այն տհաճ անակնկալը, որը մատուցեցին ԵԱՀԿ-ի անդամ պետությունները Ղազախստանի իշխանություններին:

Պաշտոնական Աստանան արդեն մի քանի տարի լուրջ հույսեր էր փայփայում, որ կկարողանա 2009 թվականին ստանձնել ԵԱՀԿ-ում նախագահող պետության դերը: Երեկ, սակայն, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համատեղ ճնշման ներքո, ԵԱՀԿ-ի պետությունները առժամանակ հետաձգեցին այս հարցի քննարկումը` խոստանալով Ղազախստանի թեկնածությանը վերադառնալ հաջորդ տարվա աշնանը:

ԵԱՀԿ-ի բարձրաստիճան դիվանագետներից մեկը նշել էր, թե այդպիսով կազմակերպությունը «հավելյալ ժամանակ է տրամադրում ղազախներին` ապացուցելու, որ երկրում իրականացվող բարեփոխումները լուրջ բնույթ ունեն»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը, անվանելով հանդերձ Ղազախստանը «բարեկամ ու գործընկեր», այնուամենայնիվ, պնդում է. - «Հարցին վերադառնալու ենք ավելի ուշ՝ 2007-ի աշնանը»:

Աստանայում մինչեւ վերջին պահը համոզված էին, թե 2009-ի նախագահության հարցը գրեթե լուծված է:

«Ղազախստանը տպավորիչ հաջողությունների է հասել», - պնդում էր երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: - «Արյունահեղությամբ ու արհավիրքներով լի ժամանակակից աշխարհում 130 ազգությունների հայրենիք հանդիսացող Ղազախստանին հաջողվել է 15 տարի շարունակ ապրել ու զարգանալ խաղաղ պայմաններում: Մեր այս փորձը, կարծում եմ, կհետաքրքրի ԵԱՀԿ-ին»:

Պաշտոնական Երեւանը բավական տեւական ժամանակ դեմ էր Ղազախստանի թեկնածության առաջադրմանը եւ նույնիսկ զգուշացնում էր, որ կարող է կիրառել վետոյի իրավունքը: Պատճառն այն դժգոհությունն էր, որը կար հայ դիվանագետների շրջանում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ հանդիսացող Ղազախստանի պահվածքից: Միջազգային կառույցներում, մասնավորապես, ՄԱԿ-ում կազմակերպվող քվեարկությունների ժամանակ Ղազախստանը երբեք չէր պաշտպանում գոնե ձեւական առումով իր դաշնակիցը հանդիսացող Հայաստանի շահերը:

Աստանայի ու Երեւանի այս տարաձայնությունը, ըստ դիվանագիտական աղբյուրների, հնարավոր եղավ վերջնականապես հաղթահարել միայն նախագահ Քոչարյանի` անցած ամիս Ղազախստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, ինչը թույլ տվեց Ղազախստանին ԵԱՀԿ-ում հանդես գալ որպես ԱՊՀ-ի պետությունների միասնական թեկնածու:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG