Մատչելիության հղումներ

Բրյուսելում Օսկանյան-Մամեդյարով առանձին հանդիպում չի կայանա


Այսօր Բրյուսելում գումարված ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան 0սկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպում չի լինի: Դիվանագիտական աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այսօր նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ Մամեդյարովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ:

Բրյուսելում Վարդան Օսկանյանի հետ սպասվող հանդիպման մասին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի տարեկան նիստի օրակարգում «սառեցված հակամարտությունների» կարգավորման, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիրներն են:

«Մենք կփորձենք առաջ տանել սառեցված հիմնական հակամարտությունների կարգավորման բանակցությունները, քանզի դրանց ձախողումից բոլորս ենք տուժելու», - նիստի նախօրեին ասել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը:

Բացելով երկօրյա նիստը՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Կարել դե Գուխտն ասել է, որ «սառեցված հակամարտությունների»` մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդրում կա որոշակի առաջխաղացում, սակայն պետք չէ ակնկալել, որ բրյուսելյան այս ժողովում լուծումներ կգտնվեն:

«Եվ այնուամենայնիվ, ես բոլորին կոչ եմ անում օգտագործել ԵԱՀԿ-ի գլխավոր կառույցի՝ Նախարարների խորհրդի նիստի ընձեռած առիթը եւ նոր լիցք հաղորդել ընդհատված կամ փակուղի մտած բանակցություններին», - ասել է դե Գուխտը:

Նիստում ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, մասնավորապես, ասել է. - «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը հույս է ներշնչում, որ համաձայնության կարելի է հասնել անգամ այն սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ տարաձայնությաններ կան»:

«Մենք գիտենք, որ հարատեւ լուծումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությամբ ու կարգավիճակով: Քննարկվող սկզբունքներով փորձ է արվում բավարարել Լեռնային Ղարբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` միաժամանակ վերացնելով հակամարտության հետեւանքները», - շարունակել է Օսկանյանը: - «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կցուցաբերի անհրաժեշտ կամք` ճանաչելու եւ ընդունելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ապագան, սեփական կարգավիճակը, սեփական անվտանգության համակարգը որոշելու իրավունքը»:

Օսկանյանը այնուհետեւ ասել է, որ մի քանի օրից Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե. - «Անցած մեկուկես տասնամյակի ընթացքում նրանք ստեղծել են քաղաքական հաստատություններ, ընտրությունների ճանապարհով կազմավորել են սեփական իշխանությունները, մշակել են սեփական օրենսդրությունը: Նրանք ճանաչել են հիմնական օրենքի ընդունման անհրաժեշտությունն ու հանգել եզրակացության, որ հանրաքվեն հիմնական օրենքը հավաքականորեն հաստատելու միակ ընդունելի ուղին է: Միջազգային հանրություն համար սխալ կլինի մերժել նրանց ժողովրդավարական մղումները: Ադրբեջանը պնդում է, թե հանրաքվեն խոչընդոտ է խաղաղ կարգավորման ճանապարհին: Սա շատ հեռու է ճշմարտությունից: [Խաղաղ] Գործընթացին իրականում խանգարում է Ադրբեջանի ոչ համարժեք արձագանքը Ղարաբաղի ժողովրդավարական գործընթացներին, այն, որ նրանք դեմ են Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ընդգրկելուն, շարունակվող ռազմատենչ հայտարարությունները եւ Մինսկի խմբի բանակցային գործընթացը շեղելուն ուղղված մշտական ջանքերը»:

Օսկանյանը հայտնել է նաեւ, որ Հայաստանում անցկացվելիք առաջիկա ընտրություններին հետեւելու համար կհրավիրվեն ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդները:

«Մենք հույս ունենք համապատասխանել աշխարհի չափանիշներին եւ ակնալիքներին», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


Հրայր Թամրազյան եւ Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG