Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարեց կրթության եւ գիտության նախարարության հայցն ընդդեմ Եվրոպական ակադեմիայի


Մայրաքաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը ուրբաթ օրը բավարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հայցն ընդդեմ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի` անվավեր ճանաչելով ոչ միայն բուհի հոգաբարձուների խորհրդի՝ ներկա կազմով գոյությունը, այլեւ Վիկտոր Մարտիրոսյանի ընտրությունը ռեկտորի պաշտոնում:

Բուհի հոգաբարձուների խորհրդի փետրվարի 28-ի նիստում որոշվել էր խորհրդի 3 օտարերկրացի անդամներին փոխարինել նոր անդամներով, իսկ հոկտեմբերի 6-ին ռեկտոր էր ընտրվել Վիկտոր Մարտիրոսյանը:

«Հակափաստարկներն այն են, որ հոգաբարձուների խորհրդում ընդգրկված արտասահմանյան կազմակերպության ներկայացուցիչները նամակներ են հղել, որ իրենք երբեւէ այդ ակադեմիայի հիմնադրմանը չեն մասնակցել եւ երբեւէ հոգաբարձուների խորհրդի նիստերին չեն մասնակցել, ուրեմն՝ քվորում չի եղել: Իսկ եթե քվորում չի եղել, ուրեմն նիստը իրավազոր չէր կայանալու», - դեռ մինչեւ դատական վճռի կայացումը ասաց կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Մարինե Գրիգորյանը: - «Մինչ այդ նախարարությունը որեւէ առնչություն չի ունեցել բուհի գործընթացների ղեկավարման հետ, միայն նոր ռեկտորի ընտրությունից հետո պաշտոնական ծանուցում ենք ստացել, որ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարվել է փոփոխություն եւ ռեկտոր է ընտրվել պարոն Մարտիրոսյանը: Նախարարությունը զարմացել է, քանի որ պաշտոնական ներկայացուցիչ չի ունեցել: Հիմքերը ներկայացրել են եւ պարզ է դարձել, որ որոշումը չէր կարող իրավական ուժ ունենալ»:

Բուհի ներկայացուցիչները, սակայն, պնդում էին, որ իրենք ունեն բոլոր ապացույցները. նիստերի արձանագրությունները կեղծ չեն, քանի որ վկայակոչված խորհրդի օտարերկրացի ներկայացուցիչների հետ մշտապես կապ է պահպանվել եւ նրանց կարծիքը ճշտվել է էլեկտրոնային փոստով, ինչը օրենքի խախտում չէ:

Պատասխանող կողմին հետաքրքրում էր նաեւ, թե ինչո՞ւ է նախարարությունը դատարան դիմում հենց հիմա` այն դեպքում, երբ հոգաբարձուների խորհրդի կազմում ներկայացուցիչ չի ունեցել երբեք եւ 5 տարի շարունակ երբեւէ նման դիտողություն չի ներկայացրել բուհի ղեկավարությանը: Արդյո՞ք սա հոգաբարձուների խորհուրդը լուծարելու եւ Վիկտոր Մարտիրոսյանին հեռացնելու նպատակ չի հետապնդում: Գոնե վերջինս այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնում է. - «Բոլորը գիտեն, որ ես Լեւոնի աչքի լույսը չեմ, մեր տարաձայնությունները մասնագիտական դաշտում չեն եղել մինչեւ օրս: Հիմա ձեւավորվում են նաեւ այս կարգի տարաձայնություններ: Տարաձայնությունները եղել են քաղաքական տարբեր դաշտերում գտնվելու հետեւանքով, որը, կրթական հաստատության վրա ջարդել, կրթական հաստատությանը մեղադրել՝ անիմաստ է», - նշեց Մարտիրոսյանը:

Թեեւ ի սկզբանե նախարարության փաստաբանը հայտարարեց, որ այս քայլին գնալու անհրաժեշտությունը առաջացել էր առանց նախարարության կամքի՝ Վիկտոր Մարտիրոսյանին ռեկտորի պաշտոնում նշանակումից հետո, սակայն խոսքի մեջ հիշատակեց, որ դեռեւս օգոստոսին բուհում ուսումնասիրություններ կատարելու պահանջով նախարարությանը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG