Մատչելիության հղումներ

«Նեզավիսիմայա գազետա». «ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը նոր փուլ է մտնում»


«ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը նոր փուլ է մտնում, որը վաղ թե ուշ պետք է ավարտվի Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի անդամակցությամբ», - պնդում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը իր այսօրվա համարում:

«Ինչպես հայտնել են տեղական թերթերը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները, 2007 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանի զինված ուժերի հիմնական միավորումներից մեկը՝ Բաքվի կորպուսը, ամբողջությամբ անցնելու է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ծառայության», - գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Նոր չափանիշները ենթադրում են մի շարք ռազմական ստորաբաժանումների քանակի ավելացում, նոր պաշտոնների հաստատում, ինչպես նաեւ ռազմական միավորումների եւ զորամասերի շտաբային կառավարման մոդելի ներդրում: Ըստ ռուսաստանյան թերթի, նախատեսվում է նաեւ հնացած զինտեխնիկայի եւ տրանսպորտային միջոցների փոխարինումը նորերով, ինչի նպատակով Ուկրաինայում գնվել է նոր ռազմական տեխնիկա:

Բաքվի կորպուսում ծառայում է Ադրբեջանի զինված ուժերի ամբողջ անձնակազմի 20 տոկոսը: Իսկ եկող տարվա կեսերին, ըստ թերթի, սկսվելու է զինված ուժերի եւս 4 կորպուսների բարեփոխումը. - «Արդյունքում, մինչեւ 2008 թվականի վերջը սպասվում է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար անցում ՆԱՏՕ-ի չափանիշներին»:

Այնուհանդերձ, ըստ հրապարակման, «չնայած ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի այդչափ ակնհայտ օգնությանը, որը վերաճել է համագործակցության ավելի բարձր աստիճանի, քան ՆԱՏՕ-ի հետ պարզ գործընկերությունն է, Բաքվում եւ Բրյուսելում միաձայն պնդում են, թե Հյուսիսատլանտյան դաշինքին Ադրբեջանի անդամակցության հարցը ներկայումս «չի քննարկվում»:

Նույն թեմայով նույն համարում հրապարակած մեկ այլ հոդվածում, որը վերնագրված է «Ոչ պատահական դրեյֆ դեպի ՆԱՏՕ», «Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, թե Բաքվի կորպուսի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին «շատ անակնկալ լուր է Մոսկվայի համար»:

«Ադրբեջանը վերջին բոլոր տարիներին ձգտել է անցկացնել հավասարակշռված քաղաքականություն՝ գերադասելով չգովազդել իր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ», - գրում է թերթը: - «Եթե հարեւան Վրաստանում բարձրաձայն հայտարարում են ՆԱՏՕ-ին աջակցության մասին, ապա Բաքուն չի ցուցադրում իր շփումները, որոնք կարող են նյարդայնացնել Մոսկվային»:

Նշելով, թե Բաքվում, ըստ ամենայնի, «հիանալի հասկանում են, որ հարեւան ռազմավարական գործընկերոջ՝ Վրաստանի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք վճռված հարց է»` հոդվածագիրը բխեցնում է. - «Դաշինքին Վրաստանի անդամակցությունը կդառնա ամբողջ Հարավային Կովկասում, իսկ փորձագետների ենթադրությամբ` նաեւ ավելի հեռու՝ Կենտրոնական Ասիայում, ՆԱՏՕ-ի ազդեցության տարածման սկիզբը, ինչից հետո Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության վերականգնման մասին խոսակցությունները առասպելական երանգ կստանան»:

Այդ լույսի ներքո, ըստ հրապարակման, «ՆԱՏՕ-ին ընդառաջ Ադրբեջանի արած քայլը լիովին տրամաբանական է եւ հեռատես», քանի որ «Թբիլիսիից հետո հենց Բաքուն տարածաշրջանում կդառնա ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման, իսկ հետագայում՝ նաեւ դաշինքին անդամակցելու գլխավոր հավակնորդը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG