Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղյան բանակցություններում չհամաձայնեցված է մնում միայն մեկ հարց»


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կա 8-9 սկզբունք, որոնց մեծամասնությունը մենք համաձայնեցրել ենք, եւ հիմա կարելի է ասել, որ մնում է մեկ հարց», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Միաժամանակ, նա չի հստակեցրել, թե ո՞րն է այդ հարցը. - «Երբ ժամանակը գա, ես կասեմ դրա մասին: Դա իրոք շատ զգայուն հարց է»:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ներկայումս պահպանվում է բանակցությունների գաղտնիությունը. - «Համաձայնեցումից հետո արդեն, իհարկե, որոշումը, միանշանակ, կներկայացվի հասարակայնությանը, կանցկացվեն լայն քննարկումներ, քանի որ դա իրոք շատ կարեւոր հարց է երկու երկրների համար»:

Մամեդյարովը հայտարարել է նաեւ, որ «խոսքն այն մասին է, որպեսզի, համընդհանուր ցանկությամբ, համաձայնությունը կայացվի հնարավորինս շուտ, քանի որ Հայաստանում կայանալիք ընտրությունների հետ կապված կասկածներ կան այն առնչությամբ, թե ո՞ր կուսակցությունը կհաղթի ընտրություններում»:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի հարցազրույցում պատասխանելով հարցին, թե նշանակո՞ւմ է արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջնական փուլ մտնելու մասին հայտարարությունը, որ կողմերը մոտ են խաղաղ համաձայնագրի կնքմանը, Մամեդյարովը ասել է. - «Եթե մենք դրանում [չհամաձայնեցված մնացած հարցում] կարողանանք առաջխաղացման հասնել, կարելի է խոսել ինչ-որ առաջընթացի մասին»:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, ԱՊՀ-ի Մինսկի գագաթնաժողովի շրջանակներում Քոչարյան - Ալիեւ հանդիպումն անցել է «կառուցողական եւ բաց մթնոլորտում». -
«Նախագահները առանձին հանդիպման ժամանակ քննարկեցին դժվարին հարցերը, կարծիքներ փոխանակեցին: Դրանից հետո նրանք եկան այն կարծիքին, որ արդեն մեկմեկու դիրքորոշումների վերլուծությունից հետո համապատասխան հրահանգներ կտան արտգործնախարարությունների ղեկավարներին»:

«Մենք հստակեցրինք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ դեկտեմբերի 4-5-ը Բրյուսելում կկայանա նախարարների հերթական հանդիպումը, եւ դրա շրջանակներում մենք՝ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարներս, կանցկացնենք հերթական հանդիպումը երեք համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ», - տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նա չի հաստատել եւ չի հերքել մինչեւ այս տարվա վերջը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությունը. - «Ես նման տեղեկատվություն չունեմ: Չնայած՝ ոչինչ չի կարելի բացառել»:

Լեռնային Ղարաբաղի ապագան որոշելու համար հանրաքվեի անցկացման հնարավորության առնչությամբ Մամեդյարովը հայտարարել է. - «Ցանկացած որոշում պետք է հիմնված լինի Ադրբեջանի Սահմանադրության վրա: Ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղում դեկտեմբերի 10-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին, ապա, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, «ոչ ոք չի ճանաչի այդ հանրաքվեն, քանի որ այդ քայլը ծիծաղելի է եւ ժամանակի անտեղի կորուստ է»:

«Մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված ցանկացած հարց պետք է կապված լինի Ադրբեջանի սահմանադրության հետ: Եվ, ինչպես գիտեք, ադրբեջանական պետության ղեկավարը հայտարարել է, որ հիմնախնդիրը կարող է լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման շրջանակներում», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ի պատասխան հիշեցման, որ հայկական կողմը հաճախ է հայտարարում, թե Լաչինի եւ Քելբաջարի շրջանների ճակատագիրը պետք է վճռվի առանձին, Մամեդյարովը ասել է. - «Անշուշտ, անհրաժեշտ է, որպեսզի, նախ եւ առաջ, Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ շրջանները ազատվեն օկուպացումից, եւ բոլոր ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան այնտեղ: Փուլ առ փուլ գործընթացը հենց դա էլ ենթադրում է»:

Նույնը, ըստ նրա, վերաբերում է Լեռնային Ղարաբաղում գտնվող շրջաններին. - «Ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել՝ առանց ադրբեջանցիներին Շուշի, Խոջավենդ [Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջան], Խոջալու վերադարձնելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG