Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթը գրում է. - «Բանաստեղծ, Հայաստանի օրհներգի ընտրության մրցութային հանձնաժողովի նախկին անդամ Դավիթ Հովհաննեսին օրհներգի շուրջ քննարկումները հիշեցրել են «Հանրապետության հրապարակում պակաս տեղը, արձանի տեղը լրացնելու մրցույթը»:

«Ազատագրված տարածքները հանձնվո՞ւմ են, թե՞ ոչ» հարցի ենթատեքստում «Իրավունք»-ի գլխավոր խմբագիրն այսօր նկատել է. - «Թեեւ Մինսկում Քոչարյանն ու Ալիեւը, դեմներն ընտրություններն ունենալով, խոսել են ամեն ինչից, բացի ղարաբաղյան հակամարտությունից ու լավ էլ իրար հասկացել են, այնուամենայնիվ, Մինսկն ինչ-որ շարունակություն ունենալու է։ Եվ բավական մեծ է հավանականությունը, որ շարունակության նախաձեռնություն վերցնողը լինի Վլադիմիր Պուտինը, եւ շարունակությունը տեղի ունենա հենց Մոսկվայում: Ըստ էության Հայաստանի նախագահն այժմ հայտնվել է երկու կրակի արանքում. կամ դիմել ցանկացած քայլերի Արցախի հարցում որեւէ հանգուցալուծումից խուսափելու համար, կամ արագորեն ինչ-որ բան ստորագրել եւ ապավինել ամերիկացիների ողորմածությանը։ Սակայն այս տարբերակն էլ հղի է արտահերթ նախագահական ընտրություններով, այն էլ ծանրագույն՝ հեղափոխական տարբերակով»։

Անդրադառնալով պնդմանը, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում բանակցություններն արդեն հասել են վերջին՝ եզրափակիչ փուլին, քաղաքագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում հակադարձել է. - «Ղարաբաղի հարցը բանակցային սեղանի շուրջ չի կարող լուծվել, եւ ինչքան էլ Ալիեւը հայտարարի, թե գործընթացը հասել է ավարտական փուլին, վստահ եմ, այդ փուլը հնարավոր չի լինելու անցնել: Չեմ կարծում, թե Հայաստանը իրականում պատրաստ է զիջելու այդ տարածքները։ Չեմ կարծում, թե Հայաստանը իրավունք ունի կամ լիազորված է զիջելու այդ շրջանները, որովհետեւ դրանք պատկանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Եվ, վերջապես, չեմ կարծում, թե Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում կա մեկը, ով կարող է կամ կհամարձակվի նման փաստաթուղթ ստորագրել»։

«Կամուֆլյաժի քարոզչություն» վերնագրի տակ «Հայք» պարբերականը, այսօր փաստելով, թե Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է միանձնյա իրականացնել ՀՀԿ-ի գովքը՝ որեւէ մեկին չվստահելով այդ առաքելությունը, գնահատել է. - «Հանրապետականի նոր ակտիվացումը վտանգավոր երեւույթ է, քանի որ Հայաստանի ներկայիս կառավարիչներն իրենց հույսը դրել են մեր քաղաքացիների հիշողության կորստի վրա։ Ցավոք, շատ դեպքերում նրանք իրավացի են, քանի որ շարքային քաղաքացին դեռ չի հասկացել իր քվեի արժեքը, արժանապատվորեն չի կանգնել այդ մարտահրավերի դեմ՝ իրեն նվաստացնողի դեմքին շպրտելով կաշառք տրված բնամթերքն ու մի քանի կոպեկը, այդ անձիք շարունակելու են իր գլխին խաղեր խաղալ՝ ընտրակաշառքը քերելով իր իսկ մարմնից»։

«Հայկական ժամանակ»-ն այսօր, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, փոխանցել է, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում 41 մեծամասնական ընտրատարածքներից առնվազն 25-ում առաջադրել սեփական թեկնածուներ։

«Խորհրդարանի դոկտորներ Արթուր Բաղդասարյանի, Արարատ Մալխասյանի, Հրանուշ Հակոբյանի եւ միջազգային բիզնեսի դոկտոր Տիգրան Արզաքանցյանի շարքերը չորեքշաբթի օրը համալրեց նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը», - գրել է այսօր «Հայկական ժամանակ»-ն ու ընդհանրացրել. - «Պետական պաշտոնյաները կամ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ գիտական թեզեր են պաշտպանում։ Եվ այդ պրոցեսը անմիջականորեն կապվում է 1998ի իշխանափոխության հետ: Հենց այս իրադարձությունից հետո հանրությանը ներկայացան քաղաքական գործիչներ, ովքեր հատուկ ընդգծում են իրենց գիտական կոչումները՝ ըստ էության այդ ընդգծումներով հաստատելով այդ կոչումների ծագման կասկածելի լինելը: Այսպիսի կոչումների տիրացածները զգում են, ուղղակի գիտեն, որ հանրությունը խորը արհամարանքի զգացում է տածում իրենց նկատմամբ, իրենց համարում է անգրագետ, քաջնազար, եւ այդ զանազան կոչումները իրենց պետք է են մերժված լինելու, անարժեք լինելու այդ զգացումը հաղթահարելու համար»։

«Օրինաց երկիր» կուսակցությունը իր թերթի էջերում գրում է, որ «այսօր պատրաստ է դառնալ համախմբման գաղափարի կրողներից մեկը, վստահ է եւ համոզված, որ բոլոր ընդդիմադիր եւ առողջ ուժերը կգան դեպի միասնական, քաղաքական ու բարոյական ճակատի ձեւավորում»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG