Մատչելիության հղումներ

Հայ երգչուհին BBC-ի մրցույթի եզրափակիչ փուլում է


17-ամյա հայ երգչուհի Սիլվա Հակոբյանը դուրս է եկել BBC-ի The Next Big Thing անունը կրող ապագա աստղերի մրցույթի եզրափակիչ փուլ եւ 6 այլ երգիչների հետ հնարավորություն կստանա հաջորդ շաբաթ մեկնել Միացյալ Թագավորություն` հանդես գալու BBC-ի հանրահայտ Maida Vale ստուդիայում:

Այս տարվա սեպտեմբերից անցկացվող մրցույթում 1100 ձայնագրություններից նախ ընտրվել էին լավագույն 20-ը:

Նոյեմբերի 28-ին անցկացված հաջորդ փուլում ինտերնետային քվեարկությամբ պետք է ընտրվեին լավագույն 6 կատարողները, սակայն ներկայացված ձայնագրությունների չափանիշներն այնքան բարձր են եղել, որ ժյուրին ընտրել է 7-ին, այդ թվում հայաստանցի 17-ամյա երգչուհուն՝ իր I Like երգով:

Երգի հեղինակը Սիլվայի քույրն է՝ Մանեն, իսկ ձայնագրել է երգը Սիլվայի եղբայրը՝ Էդգարը:

«Մարդիկ անակնկալի էին եկել մասնակիցների որակից, սակայն մենք՝ ոչ, քանի որ գաղափարի առաջացման պահից մենք հավատում էինք դրա իրագործմանը», - ասել է մրցույթի պրոդյուսեր Սայմոն Փիթսը:

Maida Vale-ի փուլը կսկսվի դեկտեմբերի 6-ին, իսկ հաղթողին մրցութային հանձնաժողովը կհայտարարի դեկտեմբերի 9-ին:

Հաղթողին ընտրելու է երաժշտական փորձագետների խումբը, որում ընդգրկված են Քաթի Դենիսը, որն աշխատել է Մադոննայի հետ, եւ Ուիլյամ Օրբիթը, որը գրել է Քայլի Մինոուգի Can't Get You օut օf My Head երգը:


Հովհաննես Շողիկյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG