Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մինսկում՝ ինչպես ձիարշավարանում» վերանգրի տակ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրականն այսօր ամփոփել է ԱՊՀ-ի Մինսկի գագաթնաժողովի արդյունքները` մասնավորապես, շեշտադրելով. - «Ըստ էության Մինսկի գագաթաժողովը դարձավ մրցավազք, որտեղ նախագահական նժույգների դերում մրցակցում են այլազան մոտեցումներ, թե ոնց վարվել դեռեւս 15 տարի ստեղծված ԱՊՀ-ի հետ։ Ղազախ հովատակը պատրաստ է պոկվել տեղից. նախագահ Նազարբաեւը առաջարկում է Համագործակցության ամենահամարձակ եւ արմատական բարեփոխում։ Ռուսական նժույգը նախընտրում է պահպանել ուժերը. արագ եւ արմատական բարեփոխումը Մոսկվային ձեռնտու չէ։ Մրցավազքի եւս մի մասնակից՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն առաջարկում է վազել ոչ թե առաջ, այլ՝ ետ, փորձանքից հեռու՝ վազքի ժամանակ պարանոցը չջարդելու համար»։

«Քոչարյան - Ալիեւ հանդիպում… առանց մեկնաբանության» խորագրի ներքո «Ազգ»-ը գրել է. - «Ըստ էության անհնար է որեւէ կերպ գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունավետությունը, քանի որ բանակցությունները, փաստորեն, մնացին այնքան «մառախլապատ», որքան երեկ մառախլապատ էր Մինսկը»: «Առավոտ»-ը այս կապակցությամբ, հղում անելով «Արմինֆո»-ին, հստակեցրել է, թե «հանդիպման ավարտին մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել ոչ նախագահները, ոչ էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները». - «ԶԼՄների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել Մինսկում Ռուսաստանի դեսպանատան շենք, որտեղ կայացել է նախագահների հանդիպումը»։

«Հայոց Աշխարհ» օրաթերթն այսօր փոխանցել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական խորհրդի փորձագետ Ուեյն Մերիի` Պենտագոնի տվյալների վրա հիմնված ուսումնասիրության եզրակացությունը, որում բացառվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական տարբերակը։ Հոպկինսի համալսարանում հնչեցրած ելույթում փորձագետը, մասնավորապես, ասել է. - «Թեպետ վերջին շրջանում Ադրբեջանում բացահայտորեն քննարկում են հակամարտության լուծման ռազմական ուղիները, սակայն այդ դեպքում Ադրբեջանի հաղթանակը բացառված է։ Լեռնային Ղարաբաղն ինքը անառիկ ամրոց է` էլ ավելի ուժեղացված հայկական ռազմական ստորաբաժանումների կողմից։ Նույնիսկ ամերիկյան բանակը դժվարություններ կունենա նրա վրա գրոհելու պարագայում: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար հայկական կողմը պետք է ստանա Ղարաբաղը եւ վերահսկի Լաչինի միջանցքը, իսկ մնացած տարածքները, որոնք բուֆերային գոտի են Լեռնային Ղարաբաղի շուրջ, պետք է վերադարձվեն ադրբեջանական կողմին»։

«Ինչքան մոտենում են Ազգային ժողովի ընտրությունները, այնքան ավելի ու ավելի են մեր պատգամավորները, այսպես ասած, «բլբուլ կտրում»։ Խոսում են՝ ով պատահի եւ ինչ պատահի», - գրել է ասօր «Տարեգիր» թերթն ու հասցեագրել. - «Խոսքը հավասարապես վերաբերում է իշխանամետներին եւ, այսպես ասած, ընդդիմադիրներին։ Եվ եթե պատգամավորներն ավելի շատ են խոսում, քան ոչ պատգամավորները, դրա պատճառն, ըստ թերթի, այն է, որ պատգամավորները մշտական ամբիոն ունեն»։

«Ստուգել են Քոչարյանի փեսային» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Քոչարյան ընտանիքի փեսան՝ «Ալֆաել» պրոդյուսերական կենտրոնի նախագահ եւ երաժշտական կամերային թատրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանը, ի վերջո, իրականացրել է վաղեմի իր սպառնալիքը եւ աշխատանքից ազատել թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանին: «Ներվայնացրեց, ես էլ ասացի՝ հաջողություն», - թերթին բացատրել է Լեւոն Աբրահամյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG