Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հաստատեց սեփականության օտարմանը վերաբերող վիճահարույց օրինագիծը


Երկուշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստում երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկությանը չմասնակցեցին «Ազգային միաբանություն», «Արդարություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները, անկախ պատգամավորներից ոմանք:

Ձեռնպահ քվեարկեցին Դաշնակցության խմբակցությունը ներկայացնող երկու գործարար պատգամավորներ:

«Սա Սահմանադրությանը հակասող օրենք է», - քվեարկությունից առաջ պատգամավորներին ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը` կոչ անելով չմասնակցել քվեարկությանը:

Խորհրդարանի շենքի մոտ հավաքված էին սեփականության օտարումից տուժած քաղաքացիները, ովքեր նիստի գնացող իշխանամետ պատգամավորներին դիմավորում էին «Ամոթ» բացականչություններով, իսկ ընդդիմադիր [վիճահարույց օրինագծին դեմ արտահայտված] պատգամավորներին` ողջունելով ու հույս հայտնելով. - «Մենք ձեր գործին ենք սպասում»:

Այդուհանդերձ, Ազգային ժողովը 70 կողմ ձայնով երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատեց օրինագիծը:


Աստղիկ Բեդեւյան եւ Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG