Մատչելիության հղումներ

«Նորից չեն սիրում, սիրում են կրկին…»


«Իսկ հավերժ մեկին սիրել… թող սիրի հերոսը վեպերում», - իր բանաստեղծություններից մեկում ասել է ռուս մեծ բանաստեղծուհի Մարինա Ցվետայեւան:

Արդյո՞ք գոյություն ունի հավերժական եւ միակ սեր… արդյո՞ք դա միայն վեպերի հերոսների մենաշնո՞րհն է, թե՞ սովորական մարդը սովորական կյանքում կարող է ունենալ շեքսպիրյան կրքերին հավասար զգացմունքներ:

Զգացմունքների եւ սիրո հետ կապված թեմաներն ամենից շատ թերեւս շոշափվում են գրականության մեջ, եւ, էքսկուրս կատարելով տարբեր դարաշրջաններով, կարելի է պատկերացում կազմել, թե որտեղից է մեր մեջ արմատավորված «միակ եւ հավերժական» սիրո գաղափարը:

Գրականագետ եւ բանաստեղծ Հենրիկ Էդոյանն ասում է, որ հավերժական սիրո գաղափարը եգիպտական բուրգերի պես հին է, ու դրա առաջին վկայությունները հենց եգիպտական ձեռագրերում են. - «Դեռ 4 հազար տարի առաջ եգիպտական մի պապիրուսում «Հավերժական սեր» խորագրով բանաստեղծություն կա, սակայն ասենք, որ հին հույները իրենց չէին ծանրաբեռնում նման մտածմունքներով` սիրիր ինչքան կարող ես»:

Հենրիկ Էդոյանի կարծիքով` ողջ կյանքի համար միակ սիրո գաղափարը արմատավորվել է քրիստոնեության հետ միասին: Սերը մեկ Աստծո նկատմամբ մարդիկ տարածել են նաեւ աշխարհիկ կյանքում` իդեալականացնելով ողջ կյանքի ընթացքում միայն մեկին սիրելը:

Մեկ սիրո գաղափարը իր ամենավառ արտահայտությունը ունեցել է Վերածննդի գրականությունում, եւ Ֆրանչեսկո Պետրարկան Լաուրայի հանդեպ իր անմար սիրով դրա վառ օրինակն է:

Այժմ մենք 21-րդ դարում ենք եւ կրում ենք բոլոր անցած դարաշրջանների հակասական ազդեցությունները: Մեր կյանքում միակ սիրո գաղափարը, կարծես, դեռ շրջանառվում է եթե ոչ մարդկանց խոսքերում, ապա գոնե սրտի խորքերում` թե «գուցե կա մեկը, այն միակը, որ սպասում է ինձ… »:

Ըստ հոգեբան Հրանտ Ավանիսյանի, այսպիսի մտածելակերպը կարող է ունենալ դրական եւ բացասական հետեւանքներ: Դրականն այն է, որ մարդը առանց իդեալների եւ արժեքների կարող է բարոյազրկվել, իսկ դրանց ծայրահեղությունը մարդուն կարող է մղել սեփական «ես»-ի դեմ ծանր պայքարի:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG