Մատչելիության հղումներ

«Պապը անցանկալի հյուր է» կարգախոսով բազմահազարանոց ցույց է անցկացվել Ստամբուլում


Կիրակի օրը հազարավոր ցուցարարներ էին հավաքվել Ստամբուլի ամենամեծ հրապարակներից մեկում՝ իրենց բողոքն արտահայտելու Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի Թուրքիա կատարելիք առաջիկա այցի դեմ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ, ցույցի մասնակիցները՝ հիմնականում արմատական իսլամական եւ ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչներ, կրել են ցուցապաստառներ՝ «Պապ, մի արի», «Ոչ՝ խաչակիրների հետ դաշինքին», «Իսկական ահաբեկիչները ԱՄՆ-ը, Իսրայելը եւ Եվրամիությունն են»:

Ցույցի պաշտոնական կարգախոսն է եղել՝ «Պապը անցանկալի հյուր է»:

Ըստ մեկնաբանների, ցույցի մասնակիցների թիվը ակնկալվածից շատ ավելի քիչ է եղել, քանի որ կազմակերպիչները սկզբնապես նախատեսել էին շուրջ 1 միլիոն մարդու մասնակցություն:

Հաղորդվում է նաեւ, որ ցուցարարները Թուրքիայի տարբեր շրջաններից Ստամբուլ էին բերվել 2 հազար ավտոբուսներով:

Միաժամանակ, նույն օրը Վատիկանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հայտարարել է թուրք ժողովրդի նկատմամբ իր տածած «հարգանքի եւ անկեղծ բարեկամության» զգացմունքների մասին:

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը, իր հերթին, կիրակի օրը լրագրողներին հայտարարել է, թե Բենեդիկտոս 16-րդի այցը Թուրքիա, որն սկսվում է երեքշաբթի օրը, կօգնի հաղթահարել արեւմտյան հասարակություններում ապրող մահմեդականների մասին գոյություն ունեցող նախապաշարմունքները:

«Հուսով եմ, այս այցը կվերացնի թյուրըմբռնումները մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ», - թուրքական «Չիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Գյուլը: - «Այդ առումով, ուղերձները, որ հղելու է քահանայապետը, մեծ կարեւորություն ունեն»:

Չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Բենեդիկտոս 16-րդի ժամանման օրը մեկնելու է Ռիգա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այնուհանդերձ, ըստ Գյուլի, Էրդողանը եւ Պապը կարող են կարճատեւ հանդիպում ունենալ Անկարայի օդանավակայանում:

Իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթը հաղորդում է, թե Պապի այցի ժամանակ Թուրքիայում անվտանգության միջոցառումներին մասնակցելու է նաեւ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը:

Իտալական թերթի վկայությամբ, անվտանգության մարմինները մի քանի շաբաթ առաջ Ստամբուլում ձերբակալել են Պապի դեմ հարձակում նախապատրաստող մի խումբ:

Սեպտեմբերին Հռոմի Պապի՝ Գերմանիայում արած հայտարարությունները իսլամի մասին հարուցել էին մահմեդական աշխարհի վրդովմունքը:

Բավարիայի Ռեգենսբուրգ քաղաքում կարդացած դասախոսության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը կոչ էր արել «մտածել ջիհադի (սրբազան պատերազմի) իսլամական հայեցակարգի մասին, որը հակասում է բանականությանը եւ աստվածային էությանը»:

Ավելի ուշ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ափսոսանք էր հայտնել, որ իր արտահայտությունները վիրավորել են մահմեդականներին:

Թուրք ազգայնականներին վրդովեցնում է նաեւ այն, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետի առաջիկա այցի օրակարգում մեծ տեղ է գրավում Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների վիճակի քննարկումը: Այդ նպատակով նախատեսված են Բենեդիկտոս 16-րդի հանդիպումները, մասնավորապես, Հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի, Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG