Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը Բորիս Գրիզլովի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Ռուսաստանում հայերի սպանությունների հարցը


Ռուսաստանում հայերի սպանությունները կանխելու հարցն է բարձրացրել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հանդիպման ժամանակ:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տիգրան Թորոսյանը նշել է, որ Ռուսաստանում բազմաթիվ նման միջադեպեր են տեղի ունենում, եւ ակնհայտ է, որ այդ սպանությունները հայերի դեմ չեն, բայց որպեսզի այդ սպանությունները ստվեր չգցեն երկկողմ հարաբերությունների վրա, յուրաքանչյուր նման դեպք պետք է արագ արձագանք ունենա, եւ մեղավորները պետք է պատժվեն:

Բորիս Գրիզլովը, ընդունելով ծայրահեղականության հիմնախնդրի առկայությունը, ասել է, որ օտարերկրացիների սպանությունները արդեն վախեցնող չափերի են հասել, հատկապես Սանկտ Պետերբուրգում կատարված սպանության մեջ մեղադրվողների՝ երդվյալների դատարանի կողմից արդարացվելուց հետո այդ հարցը դարձել է լուրջ քննարկման նյութ:

Նա հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը «Միասնական Ռուսաստան»-ի եւ եւս 11 կուսակցությունների ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 6֊-ին իրավապահ մարմինների խորհրդակցություն է հրավիրելու այդ հարցով:

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության առնչությամբ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանից կատարվող արտահանումների գծով հինգերորդ տեղում է, ինչը բավական մտահոգիչ ցուցանիշ է:

Տիգրան Թորոսյանը կարեւորել է ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը եւ նշել, որ դա շատ ցավոտ խնդիր է Հայաստանի համար, որովհետեւ, մասնավորապես, Վերին Լարսի անցակետի փակումը լուրջ դժվարություններ է առաջացնում տնտեսական առումով:

Գրիզլովը պարզաբանել է, թե Վերին Լարսի անցակետի ժամանակավոր փակումը ուներ եւ քաղաքական, եւ տեխնիկական հենք, քանի որ մաքսակետի ուժեղացման անհրաժեշտություն կար: Նա հավաստիացրել է, որ աշխատանքների ավարտից հետո Հայաստանը նման խնդիրներ չի ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG