Մատչելիության հղումներ

Կայացավ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջին խորհրդաժողովը


Հինգշաբթի օրը Երեւանում անցկացվեց «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջին խորհրդաժողովը, որի մասնակիցները հնչեցրեցին իրենց համոզմունքը` անհրաժեշտ է «հեռացնել գործող վարչախմբին եւ անցկացնել արտահերթ` ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ»:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի` շարժմանը միանալու կոչին արձագանքել էին Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի նախկին բնակիչները, Արցախյան ազատամարտի վետերանները: Կային ներկայացուցիչներ ԱԺՄ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցություններից:

«Ազատամարտի եղբայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Արկադի Կարապետյանը կոչ արեց խոսքից անցնել գործի. - «Մեր տղերքը պրոբլեմ չունեն... Կոչ ենք անում` եթե կա մի ուժ, որը կարող է էս ժողովրդին տանի, թող գա տանի: Չի կարողանում` միասին միանանք, մի բան անենք»:

«Առանց ձեզ, մենք ոչինչ ենք, բայց իմացեք, որ մեր բոլոր կռվող տղաները ձեր կողքին կանգնած են», - ասաց «Մեծն Տիգրան» աշխարհազորային խմբի հրամանատարներից Վլադիմիր Առաքելյանը:

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը նույնպես եկել էր համաժողովին:

«Մեզ տանում են դեպի կործանում», - իր ելույթում ասաց Ղազարյանը: - «Եվ ժողովուրդը տեսնում է ինչ են անում ղեկավարները: Եվ ժողովուրդը տեսնում է, որ ոչ մի իրավունք չունի, իրեն կարող են տնից դուրս շպրտել, որ ոչ մի տեղ արդարություն չի տեսնի. կտեսնի բռնություն, կտեսնի ծեծ, կտեսնի թալան: Ժողովուրդը սկսում է եւս փչանալ... Արդարություն չկա»:

Ղազարյանի խոսքերով, ժողովուրդը նաեւ ընդդիմությունից է հիասթափված, քանի որ «նրանք էլ չկարողացան հաղթահարել անձնականը»:

«Միայն առաջ, միայն միասին: Խնդրում եմ ձեզ», - իր ելույթն ավարտեց Ռաֆայել Ղազարյանը:

Շարժման նախաձեռնողներից նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կոչ արեց հավաքվածներին, բոլոր նրանց, «ովքեր չեն կարող հանդուրժել այս բեսպրեդելը», միանալ շարժմանը, որն իր հերթական հավաքը կանցկացնի նոյեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի շենքի առջեւ` սահմանադրական հանրաքվեի անցկացման առաջին տարելիցի կապակցությամբ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG