Մատչելիության հղումներ

Նողաիդելին Թուրքիայում քննարկելու է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով Վրաստանին գազի մատակարարման հարցը


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Թուրքիա, որտեղ բանակցություններ է վարելու Թուրքիայի վարչապետի, էներգետիկայի եւ արտաքին գործերի նախարարների հետ, ինչպես նաեւ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումին: Ըստ Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրիի, Նողաիդելին այցի ընթացքում քննարկելու է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով Վրաստանին գազի մատակարարման հարցը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, վարչապետի հետ Թուրքիա մեկնող Գիլաուրին օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ «Վրաստանը շարունակում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցությունները, որպեսզի նրանք Թբիլիսիին զիջեն Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով մղվելիք գազի իրենց քվոտաների մի մասը»:

Գազատարը նախատեսվում է շահագործման հանձնել դեկտեմբերի կեսերին:

2007 թվականին Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով կստանա 250 միլիոն խորանարդ մետր գազ, սակայն այդ ծավալը բավարար չէ, քանզի երկրի ամբողջ պահանջարկը գնահատվում է 1,8 միլիարդ խորանարդ մետր:

Թբիլիսին բանակցություններ է վարում նաեւ ադրբեջանական եւ իրանական գազի մատակարարման համար:

Ըստ առկա տվյալների, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի աշխատանքի առաջին տարում Վրաստանը իր քվոտան կստանա հազար խորանարդ մետրի դիմաց 64 դոլար արտոնյալ գնով: Մի քանի տարուց նախատեսվում է Վրաստանի քվոտան մեծացնել մինչեւ 500 միլիոն խորանարդ մետր:

Ներկայումս Վրաստանին գազի գլխավոր մատակարարը Ռուսաստանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG