Մատչելիության հղումներ

Ընտրազանգվածին ոմանք նաեւ «Փարոս»-ով են հաճոյանում


Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության վերահսկողական ծառայության անցկացրած ուսումնասիրությունները բացահայտել են, որ աղքատության նպաստների եւ կենսաթոշակների բաշխման գործընթացը հաճախ իրականացվում է խախտումներով, որոնց կեսից ավելին կատարվում են տեղական ինքնակառավարման մարմիններում:

Երկրի սոցիալական ծառայությունների 51 տարածքային գործակալություններից 12-ում կատարված ուսումնասիրությունների ընթացքում վերահսկողները բացահայտել են սոցիալական նպաստների տրամադրման մի շարք կոպիտ խախտումներ: Ուսումնասիրված 2200 շահառուների գործերից 149-ում հայտնաբերվել են փաստաթղթային խախտումներ:

Պարզվել է, որ խախտումների 55 տոկոսն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների պատճառով, 27 տոկոսը՝ բնակչության կողմից,18 տոկոսը՝ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների մեղքով: Միայն հայտնաբերված դեպքերի պատճառով պետբյուջեին հասցվել է շուրջ 6 միլիոն դրամի վնաս:

Վերահսկողները պարզել են, որ հատկապես համայնքապետերի, գյուղապետերի ընտրությունների շեմին թեկնածուները կաշառում են գյուղացիներին` կեղծ տեղեկանքներով «Փարոս» ձեւակերպելով:

«Գյուղացիները գալիս բողոքում են, թե` «Փարոս» էի ստանում, նոր գյուղապետին չընտրեցի, ընտրվելուց հետո կտրեց»: Մարդը չի ցանկանում հասկանալ, որ ինքը շահառու երբեք չի եղել, պարզապես իրեն գայթակղելու նպատակով կեղծիքներով ձեւակերպել են: Նա միայն ասում է՝ ստանում էի, կտրեց», - փաստեց նախարարության վերահսկողական ծառայության պետ Վահան Բաղդասարյանը:

Խախտումներ են արձանագրվել նաեւ կենսաթոշակառուների փաստաթղթերում, ինչի արդյունքում 2 մլն 200 հազար դրամ «փոշիացել» է:

Ընդհանուր առմամբ, միայն ուսումնասիրված դեպքերի պարագայում պետբյուջեն ստվերային նման գործարքների հետեւանքով կրել է 10 միլիոն դրամի վնաս: Այս առիթով վերահսկողության ծառայությունը դիմել է ինչպես գործընթացն իրականացնող օղակների ղեկավարներին, այնպես էլ դատախազությանն ու իրավապահներին, որոնք էլ պետք է զբաղվեն փոշիացած գումարների հետգանձմամբ: Եվ չնայած դեպքերի մեծ մասի մեղավորը տեղական ինքնակառավարման մարմիններն են, գումարները, այդուհանդերձ, հետգանձվելու են սովորական քաղաքացիներից:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG