Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսը Հայաստանում


Ներկայումս ավելի քան 7500 ամերիկացիներ աշխատում են աշխարհի 75 երկրներում:

Խաղաղության կորպուսը Հայաստանում սկսել է գործել 1992 թվականից: Վերջին 14 տարվա ընթացքում այստեղ աշխատել են 529 կամավորներ:

Ներկայումս Հայաստանի դպրոցներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում եւ բուժհաստատություններում աշխատող կամավորականների թիվը հասել է 77-ի: Համայնքի եւ բիզնեսի զարգացման ծրագրի ղեկավար Արշակ Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ կամավորներն այստեղ իրականացնում են 4 ծրագիր երկու տարվա ընթացքում:

«Կամավորները հիմնականում մեկնում են ծայրամասային գյուղեր, որտեղ նրանց կարիքն ավելի է զգացվում, ապրում են որեւէ ընտանիքում կամ տուն են վարձակալում», - ասում է նա:

Ջոն Քոլբեմը եկել է Նյու Յորքից եւ որպես բիզնեսի խորհրդատու արդեն երկու տարի աշխատում է Տավուշի մարզում:
«Այստեղ չկա տաք ջուր, ցուրտ է, սակայն արդեն հարմարվել եմ այս պայմաններին եւ բնավ էլ չեմ ափսոսում, որ եկել եմ այստեղ ու գյուղում եմ աշխատում: Այնտեղ մենք արդեն ջերմոց ենք բացել, Տավուշի մարզի բնակիչները հիմնականում առեւտրով են զբաղվում: Շատերը չգիտեն, թե ինչ է բիզնեսի խորհրդատվությունը, սակայն ես նրանց օգնում եմ», - ասում է նա:

Իսկ Բոստոնից ժամանած Ջեսի Ջոսեֆը Հայաստան ժամանելուց անմիջապես հետո մեկնել է Սիսիան, որտեղ էլ անցկացնում է առողջ ապրելակերպի եւ կյանքի հմտության դասընթացներ: Նա փաստում է, որ Սիսիանի դպրոցներում չկան մարզադահլիճներ, սակայն դա իրենց չի խանգարում աշխատել, մինչեւ ձմեռ դրսում են մարզվում, իսկ դրանից հետո՝ դասարաններում:

Երկու երիտասարդներն էլ հայերեն խոսել սովորել են երկու ամսվա ընթացքում, սակայն նշում են, որ դա բավարար չէ, քանի որ, եթե լինի հնարավորություն, այստեղ կմնան եւս մի քանի տարի եւ կշարունակեն սովորել, թեկուզ չունենան տաք ջուր եւ էլեկտրաէներգիա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG