Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի փոխանցմամբ, հարավկովկասյան բոլոր երեք երկրներում քաղաքական գործընթացների հանդեպ հետաքրքրության անկում է դիտվում: Ռեսուրսների հետազոտման կովկասյան կենտրոնի վերջին երկու տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրենց նախագահին ամենաշատը վստահում են Վրաստանի քաղաքացիները, ապա՝ Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի: Խորհրդարանի պատգամավորներին ամենաշատը վստահում են Հայաստանում, ամենաքիչը՝ Ադրբեջանում:

«Հայկական ժամանակ»-ը փոխանցում է «Վիմպելկոմ»-ի փոխնախագահ Նիկոլայ Պրյանիշնիկովի խոսքը, որ «ԱրմենՏել»-ի բջջային կապի շուկայում կներմուծվի «Բիլայն» ապրանքանիշը, իսկ ֆիքսված հեռախոսակապը կպահպանի «ԱրմենՏել» ապրանքանիշը. ըստ պաշտոնյայի, դա ազգային բրենդ է:

Պատասխանելով հարցին, թե ինչ կբերեն մեզ ընտրությունները, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է. - «Ներկայիս Հայաստանը շարունակում է մնալ չգիտակցված քաղաքական ընտրության երկիր։ Նրա քաղաքացիներն արձագանքում են անուններին, այլ ոչ թե ծրագրերին եւ հիմնադրույթներին։ Հիվանդ հասարակությունը հազվադեպ է իշխանության գլուխ կարգում անբիծ մարդկանց։ Հետեւաբար դեգրադացիան, որն ապրում է մեր հասարակությունը, նույնչափ բնորոշ է նաեւ ներկա քաղաքական գործիչներին։ Նրանց մեծամասնությունը ապրում է Պավլովի շան ռեֆլեքսներով. հենց որ հնչում է քվեատուփերի մոտ ժողովրդին կանչող զանգը, նրանց մոտ սկսվում է ինտենսիվ թքարտադրությունը»։ Ըստ թերթի նրանց գլխավոր նպատակն է՝ հասնել իշխանության «սրբազան ճրագին՝ ցանկացած ընկերակցության մեջ, ցանկացած դրոշի ներքո եւ ցանկացած օրհներգով»։

Փոխանցելով բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի մտահոգությունը, թե «2007-ի ընտրությունները Հայաստանում կարող են անցնել լուրջ թերություններով, ինչը երկիրը հետ կգլորի դեպի կառավարման ավտորիտար վարչակազմ»` «Առավոտ» թերթի խմբագրականն այսօր կանխատեսել է. - «Հիշյալ ընտրությունները չեն կարող չանցնել առանց լուրջ թերությունների՝ թեկուզ այն պատճառով, որ ընտրողների մեծ մասը հակված չէ քաղաքական ընտրություն կատարել։ Հասարակական համակրանքը կարող են շահել միայն «բարեգործները», եւ դա խրախուսվում է պաշտոնական քարոզչության կողմից, ըստ որի քաղաքական ծրագրերը դատարկ խոսակցություններ են, իսկ մի պարկ կարտոֆիլը ռեալ է եւ շոշափելի»։

«Քանի որ 2008-ի նախագահի ընտրություններում իշխանական բուրգի նախընտրելի թեկնածուները թվով քիչ չեն, հետեւապես այս հանգամանքն էլ Քոչարյանի համար առավել բարդացրել է ամենանախընտրելիի ընտրության հարցը», - գրել է «Տարեգիր» թերթը` փոխանցելով. - «Նախագահականում մշակվել է կողմերի համաձայնությանը արժանացած մի սցենար, ըստ որի 2008-ին իրենց թեկնածությունները կառաջադրեն բոլոր «նախընտրելիները»: Թերթը պարզաբանել է, թե «այս տարբերակով Քոչարյանն ինքը վատամարդ դուրս չի գալիս` իր վրայից գցելով նրանցից մեկին պաշտպանելու բարդ գործը»: Թերթի պնդմամբ, այդ քայլով նաեւ «փորձ կարվի նախագահական ընտրապայքարից դուրս մղել այլ քաղաքական ուժերի ու գործիչների, մասնավորապես՝ ընդդիմությանը»: Իսկ արդյունքը, ըստ թերթի, կլինի այն, որ «դարձյալ կունենանք ժողովրդի ձայնով չընտրված, նշանակովի երկրի նախագահ»:

«Կաշառք տանք՝ ժողովրդավար դարձեք» վերնագրի տակ «Հայք» թերթի խմբագրականն այսօր արձանագրել է. - «Համոզվելով, որ ՀՀ իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում Հայաստանը դարձնել ժողովրդավարական երկիր` Արեւմուտքը հանգել է հանճարեղ եզրակացության. իր ծրագրերն իրագործել արեւելյան մեթոդներով։ Որքան էլ տարօրինակ թվա, խոսքը կաշառելու մասին է։ Կաշառք ստանալու հավակնորդների շարքում, բնականաբար, նաեւ Հայաստանն է», - նկատի ունենալով Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագիրը` գրել է թերթն ու բխեցրել. - «Հուսանք, որ մեր երկրին հասանելիք գումարը իշխանությունները կծախսեն նամուսով` ընտրակաշառք կբաժանեն, սերմացու եւ պարարտանյութ, ում էլ չկարողանան հասնել՝ գոնե մի-մի շիշ ֆանտա կամ կոլա կառնեն»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG