Մատչելիության հղումներ

Երիտասարդների խումբը բողոքի նամակ է փոխանցել Հայաստանի արտգործնախարարին


Հայաստանի արտգործնախարարության շենքի դիմաց ուրբաթ օրը բողոքի ցույց կազմակերպած մի խումբ երիտասարդներ նամակ են փոխանցել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին` պահանջելով «պաշտպանել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերին ազգային հողի վրա իրականացվող բռնություններից»:

Բողոքող երիտասարդները «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ ավելի վաղ երկու անգամ ցույցեր են կազմակերպել Երեւանում Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ, բայց դրանից հետո էլ հայազգիներ են սպանվել Ռուսաստանում:

«Վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանում սպանվել է երեք հազարից ավելի հայ», - պնդում են նամակի հեղինակները` շարունակելով. - «Հայաստանի տարին Ռուսաստանում ուղեկցվում է հայազգի պատանիների վայրագ սպանություններով»:

Նոյեմբերի 11-ին մերձմոսկովյան Իվանտեեւկա քաղաքում 15-ամյա Նարեկ Քոչարյանի սպանությունը «վերջինն է ոճրագործությունների` սովորական դարձած այս շղթայում»:

«Այսօր մենք խորը վիշտ ենք ապրում մեր երիտասարդ հայրենակցի դաժան սպանության կապակցությամբ: Սակայն խորը վշտից զատ ենք նաեւ չափազանց վրդովված ենք «կոմպլեմենտարիզմի» շղարշի տակ թաքնված հանցավոր անգործությամբ», - գրում են բողոքի նամակի հեղինակները:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կիրառի բոլոր միջոցները, որպեսզի մեր քաղաքացիները այդ երկրում իրենց ավելի պաշտպանված զգան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նամակի հեղինակներից Իզաբելլա Սարգսյանը:

Հանրապետության հրապարակի անցորդներից շուրջ 200 մարդ իրենց ստորագրությունները դրեցին նամակի տակ, որը փոխանցվեց արտգործնախարարության աշխատակից Մարինա Բալայանին, ով խոստացել է այն փոխանցել Վարդան Օսկանյանին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG