Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Չկա մի ազգի օրինակ, որն ինքնակամ հրաժարվի 15 տարվա անկախությունից»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր ավարտում է իր աշխատանքային այցը Գերմանիա, Բեռլինում` Բերտելսման հիմնադրամում հինգշաբթի օրը ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղին:

«Մենք չենք հիշում մի ազգի օրինակ, որն ինքնակամ հրաժարվել է իր 15 տարվա անկախությունից: Ոչ ոք մտադիր չէ դա անել Ղարաբաղի պարագայում», - ասել է Հայաստանի նախագահը: - «Մենք խոսում ենք անշրջելի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել մարդկանց գիտակցության մեջ»:

«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը: Դա արվել է միջազգային նորմերին միանգամայն համապատասխան», - ասել է Ռոբերտ Քոչարյանը` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ձեռք է բերվել Խորհրդային Միության փլուզման ժամանակ, եւ Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի մաս երբեք չի եղել:

«Իր պետականության հաջող կառուցման շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ապացուցել է գոյության իր իրավունքը: Այն պարբերաբար անցկացնում է ժողովրդավարական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ», - ասել է Հայաստանի նախագահը:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ջանում են մոտեցնել մեր դիրքորոշումները: Դժբախտաբար, չնայած ընթացող ակտիվ բանակցություններին, լավատեսության համար քիչ հիմք կա», - հարցի խաղաղ կարգավորման հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ նշել է Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում, որ տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG