Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերը տարակարծիք են Իրաքում հայ խաղաղապահների առաքելության ժամկետը երկարաձգելու հարցում


Ավարտվող տարվա վերջին քառօրյայում, ամենայն հավանականությամբ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կդիմի խորհրդարանին` Իրաքում հայկական զորախմբի խաղաղարար առաքելության ժամկետը երկարաձգելու առաջարկով: Խորհրդարանական ուժերը, մինչդեռ, տարակարծիք են այդ հարցում:

Տարակարծություն կա անգամ կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի եւ Դաշնակցության միջեւ:

«Մենք չենք կարող անվտանգություն ապահովող սիստեմներից դուրս մնալ եւ մենք պիտի նման գործառույթների մասնակցենք: Ոչ միայն մենք, այլեւ հիմնական խորհրդարանական ուժերը կողմնակից են, որպեսզի մենք հնարավորինս աշխարհին վերաբերող անվտանգության գործընթացներին մասնակցենք», - իրենց ապագա քվեարկությունը հիմնավորեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Դաշնակցությունը, մինչդեռ, չի փոխել իր դիրքորոշումը, թե Իրաքում հայ զինվորականների ներկայությունը սպառնում է իրաքահայ համայնքի անվտանգությանը:

«Մեր դիրքորոշումը միշտ էլ ձեզ հայտնի է եղել Իրաքի հարցում», - ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: - «Մենք բացատրել ենք մեր կոալիցիոն գործընկերներին մեր դիրքորոշումը»:

«Ազգային միաբանություն»-ը, որը 2004 թվականին կողմ էր քվեարկել Իրաք զորախումբ ուղարկելուն, այսօր դեռ չի կողմնորոշվել: «Ինքս դեռ կողմնորոշված չեմ» - խոստովանեց կուսակցության եւ խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր մյուս ուժը` «Արդարություն» դաշինքը, մինչդեռ, արդեն կողմնորոշվել է: «Կարեւորելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները` մենք [այդուհանդերձ] դեմ ենք երկարացնելուն: Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ, եւ երկարացնել այն ժամանակ, երբ Անգլիան արդեն որոշել է հանել զորախումբը, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ ժամանակի հարց է դուրս բերելը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից», - ասաց դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG