Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ատչոտ են ուզում» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «ՀՀԿ խմբակցության գալուստսահակյանական թեւին զայրացրել է,որ նախօրեին Տիգրան Թորոսյանն անվավեր է ճանաչել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի քվեարկությունը»: Չնայած երեկ օրինագիծն ընդունվել է, սակայն, ըստ թերթի, Գալուստ Սահակյանը մտադիր է Թորոսյանից պարզաբանումներ պահանջել՝ իր «օպերացիան տապալելու համար»: «ՀՀԿ-ն մոբիլիզացրել էր իր ողջ պատգամավորական ներուժը, քվեարկությունից անմիջապես հետո «մանթրաշ» հանրապետականները ողջ շենքով ընկած՝ Տիգրան Թորոսյան էին ման գալիս», - գրում է թերթը, - «Սակայն Թորոսյանն արդեն հասցրել էր նստել իր մեքենան եւ շարժվել օդակայան՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելու համար»:

Ղարաբաղյան հիմնահարցը դիտարկելով եվրոպական նոր հարեւանության ծրագրի համատեքստում` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է. - «Եվրամիությունը առանձին վերցրած չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, բայց կարող է դրական մթնոլորտ ապահովել նրա խաղաղ, ժողովրդավարական լուծման համար, ինչը պետք է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել ու պաշտպանել»։ Մեկնաբանի հայացքով` Լեռնային Ղարաբաղի «գոյության փաստի եւ նրա ժողովրդավարացման գործընթացի խորացման պայմաններում Եվրամիությանն առաջարկվող Ադրբեջանի նավթագազային կաշառքները տեսականորեն, իհարկե, կարող են դառնալ արդյունավետ միջոցներ Եվրամիության օգնությամբ Հայաստանի, բայց ո՛չ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումները մեղմելու համար, որովհետեւ Արցախը կանգնած է ոչ թե քաղաքական առեւտրի, այլ ֆիզիկական գոյության պահպանման խնդրի առաջ»։

Ուրվագծելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարը` «Ժամանակ - Երեւան» թերթի մեկնաբանն այսօր շեշտադրել է. - «Ամենայն հավանականությամբ, Քոչարյանն ու Ալիեւը սիրով կհամաձայնեն 2006-ին մեկ իմիտացիոն rendez-vouz էլ անցկացնել։ Ի վերջո, եթե նրանց հաջողվել է Ռանբույե եւ Բուխարեստ տապալել, ի՞նչ մի բարդ գործ է այժմ էլ ԱՊՀ-ականների տանիքի ներքո հանդիպել, մեկ-երկու ժամ բանակցել, հայտարարել, թե լուրջ քննարկումներ ծավալվեցին, հետո վերադառնալ ու ասել՝ «ոչ մի զիջում»։ Մեկը կհիշեցնի, որ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ու կողքից կակնարկեն, թե պետք է սպասել «Կոսովոյի նախադեպին», իսկ մյուսն էլ՝ «տարածքային ամբողջականությունից ոչ մի քայլ ետ» պահանջով՝ կմտնեն 2007 թվականի իրավասությունների դաշտ»։

«168 ժամ» պարբերականի հարցին, թե վերջին շրջանում Ադրբեջանը ինչու է կոշտացրել դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բացատրել է. - «Դիրքորոշման կոշտացումն Ադրբեջանի կողմից, այո, ընթացիկ ժամանակահատվածի համար Հայաստանին շնչելու, դադարի հնարավորություն է տալիս, բայց է’լ ավելի է փակում խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը հեռանկարում, եւ մենք նմանվում ենք մարդկանց մի մեծ խմբի, որը թունելով գնում է մի կողմը, որտեղից լույս չի երեւում, եւ այն, որ մարդկանց այդ խումբը գլխավորում են մի քանի իշխանավորներ, որոնց ձեռքին փոքրիկ լապտերներ կան, ոչինչ չի նշանակում»։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը երեկ «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է, թե ինքը պատրաստ էր ապտակել Վիկտոր Դալլաքյանին, եթե այլ պատգամավորներ չմիջամտեին. - «Որովհետեւ նրա վրա էլ եմ մեծ ջանքեր թափել իրավաբանական կրթություն ստանալու համար, նրա տղայի վրա էլ, պաղատանքներով-աղաչանքներով միշտ ինձ է դիմել: Եվ նա երեկ իմ հասցեին ասաց՝ «ապուշ է»: «Այստեղից-այնտեղից արտագրած թվեր է կարդում, խոսում է միայն խոսելու համար, Քոչարյանը՝ էսպես, Քոչարյանը՝ էնպես: Ես էլ ուզում էի ընդամենը պարզել, թե այդ սուտ թվերը որտեղից է վերցրել, եւ նման պատասխանի արժանացա»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Ռաֆիկ Պետրոսյանը:

«Հայք» թերթի տեղեկություններով` «առաջիկայում Ազգային ժողովը ստիպված կլինի բավարարել կամ մերժել Աղվան Հովսեփյանի եւս մեկ միջնորդություն՝ Ազգային ժողովի հերթական պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»։ Ըստ թերթի, սակայն, «առայժմ հայտնի չէ, թե իշխանությունն ում թեկնածությունը կընտրի, բայց խոսվում է, թե կատարվելիքը տեղավորվում է պաշտոնապես չմեկնարկած նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ»։

Նույն թերթը պնդել է, թե ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի միջեւ «լարված հարաբերությունները դեռեւս չեն հարթվել»։ Թերթը փոխանցել է, թե «Ալրաղացի Լյովիկը, որ տեւական ժամանակ մուռ է պահել իրեն ծեծի ենթարկած Գրիշա Սարկիսյանի դեմ, օրերս դիմել է վճռական գործողությունների։ Նա հարձակվել է Սարկիսյանի տեղակալի վրա ու ծեծել նրան»։ Ըստ թերթի տեղեկությունների, նախագահական նստավայրից սպասվում է «պատասխան ծեծ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG