Մատչելիության հղումներ

Սեփականության օտարմանը վերաբերող վիճահարույց օրինագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ


Հայաստանի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծին կողմ քվեարկեց 67 պատգամավոր: Դեմ քվեարկողներ չեղան, ձեռնպահ քվեարկեց երեք պատգամավոր:

Քվեարկությանը չմասնակցեցին «Օրինաց երկիր», «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորները: Կողմ քվեարկեցին ՄԱԿ, ՀՀԿ խմբակցությունները, «Ժողպատգամավոր» եւ «Գործարար» խմբերը: ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունից երեք պատգամավոր ձեռնպահ մնաց, մյուսները կողմ քվեարկեցին:

Ազգային ժողովի մուտքի մոտ կրկին հավաքված էին Հյուսիսային պողոտայի տարածքի, Կոզեռն թաղամասի, իրենց օտարման զոհեր համարող այլ տարածքների բնակիչներ, որոնց ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ շենք մտնող պատգամավորներին:

«Ցանկությունը միակն է` հանդիպել ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին եւ նրանց հետ ունենալ զրույց: Ի վերջո, մենք ենք նրանց ընտրել եւ ուզում ենք իմանալ` նրանք կարդացե՞լ են այդ օրենքը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մեկը:

Կառավարության հեղինակած այս նախագիծը սահմանում է հանրային, գերակա շահի դեպքերը, ձեռք բերողի եւ սեփականատիրոջ համաձայնությունը չլինելու դեպքում՝ դատական կարգով հարցի լուծման հանգամանքները:

Ընդդիմախոսները պայքարում են, որ օրենքն ունենա հետադարձ ուժ, որ օտարվող գույքի ձեռք բերողը լինի միմիայն պետությունը, որ քաղաքաշինական ամեն ծրագիր չհամարվի գերակա հանրային շահ եւ այլն:

Օրինագծի երրորդ ընթերցումը ընդգրկված է քառօրյայի օրակարգում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG