Մատչելիության հղումներ

Ստորագրվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագիրը


Այսօր Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն 7-րդ լիագումար նիստի ընթացքում հաստատվեց եւ ուժի մեջ մտավ Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագիրը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստի բացման ժամանակ Եվրամիությունում նախագահող Ֆինլանդիայի արտաքին առեւտրի նախարար Պաոլա Լեհտոմյակոն բարձր է գնահատել Եվրամիության հետ համատեղ մշակված ծրագիրը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ քաղաքական հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներ, ինչպես նաեւ էներգետիկայի հարցեր:

Հայկական կողմը տեղեկացրել է երկրում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքների, մասնավորապես, Իրան-Հայաստան գազամուղի շինարարության մասին:

Նիստից հետո կայացավ Հայաստանի գործողությունների ծրագրի ընդունման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ Վարդան Օսկանյանը եւ Պաոլա Լեհտոմյակոն ստորագրեցին համապատասխան փաստաթուղթը:

Գործողությունների ծրագրի իրականացումը նախատեսում է անցում համագործակցությունից ինտեգրացման ավելի բարձր մակարդակի` ներառյալ Եվրամիության ներքին շուկայում Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Փաստաթղթով Հայաստանին առաջարկվում է Եվրամիության հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ավելի ինտենսիվ հարաբերություններ հաստատել:

Գործողությունների ծրագրեր ստորագրեցին նաեւ Հայաստանի հարեւան երկրները՝ Վրաստանը եւ Ադրբեջանը:

Եվրամիության արտաքին կապերի եւ հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հատուկ է անցկացնում փաստաթղթերի ստորագրման միասնական արարողություն բոլոր երեք պետությունների համար:

Փաստաթղթերն ստորագրած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը հույս հայտնեցին, որ գործողությունների ծրագրերի ի հայտ գալը նոր էջ կբացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG