Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Սեղանի վրա կա տրամաբանական առաջարկություն, պետք է նորմալ բանակցել եւ կամք ցուցաբերել»


Երեկ Բրյուսելում ասուլիս տվեցին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները: Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների գլխավորությամբ անցկացված ասուլիսում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շատ լավ էին տրամադրված միմյանց նկատմամբ, համենայն դեպս, նրանց մեկնաբանությունները խիստ տարբերվում էին նախորդ նման հանդիպումներում հրապարակված հայտարարություններից:

Իրենց նախնական մեկնաբանություններում երկու նախարարներն էլ բարձր գնահատեցին Եվրամիության հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե բարեկամական թվացող մեկնաբանությունները արդյոք ինչ-որ բան նշանակո՞ւմ են երեքշաբթի օրը սկսվող ղարաբաղյան բանակցությունների համար, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց. - «Չգիտենք վաղը ինչ կկատարվի: Սեղանի վրա կա տրամաբանական առաջարկություն, կան հետաքրքրական մտքեր, պետք է նորմալ նստել, բանակցել եւ կամք ցուցաբերել: Այնպես որ, դա էր արտահայտում այսօր մեր հայտարարությունը»:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կարծիքով, «հարցը պետք է դիտել այն համատեքստում, որ ժամանակն արդեն հրում է մեզ առաջ, եւ ըմբռնումն էլ է աճել, որ պետք է շարժվել մեռյալ կետից՝ այնտեղից, որտեղ կանգ ենք առել այս հակամարտության հարցում»:

«Եվ տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ լավ հնարավորություն կա», - ամփոփեց Ադրբեջանի արտգործնախարարը:

Եվրամիության հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի առնչությամբ Վարդան Օսկանյանը ասաց. - «Նոր որակ է հաղորդվում մեր հարաբերություններին, բավական ծավալուն փաստաթուղթ է, մեծ հնարավորություններ են դրվում այս փաստաթղթով, ինտեգրացիոն գործընթացներ են սկսվում, այնպես որ, պետք է կենտրոնանալ եւ լավագույնս իրականացնել»:

«Մենք ուզում ենք, որ ոչ միայն ստորագրած լինենք, այլեւ ամբողջությամբ կիրառենք, որովհետեւ դա, իսկապես, 5 տարի հետո Հայաստանին որակապես նոր մակարդակի վրա կդնի՝ եւ քաղաքականապես, եւ տնտեսապես», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:

Բենիտա Ֆերերո-Վալդները «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում գործողությունների ծրագրի ստորագրումը բնութագրեց իբրեւ «նոր փուլ»:

«Մենք այսօր նոր փուլ ենք սկսում: Մենք ցանկանում ենք մեր արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, փոխադրել այս երկրներ», - հայտարարեց տիկին Ֆերերո-Վալդները: - «Մենք լսում ենք նաեւ նրանց ցանկությունները: Բայց մեզ համար կարեւոր է խթանել տարածաշրջանային համագործակցությունը»:

Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով ավելի պարզ բացատրելով, թե ինչ կտա Հայաստանին Եվրամիության հարեւանության գործողությունների ծրագիրը, ասաց. - «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, նախ եւ առաջ, որոշ փող կտրամադրի, բայց այդ փողը պետք է օգտագործվի այս հասարակությունները՝ Ադրբեջանը եւ Հայաստանը, վերափոխելու համար, դրանք ավելի եվրոպական դարձնելու համար»:

Սեմնեբին ասաց նաեւ, որ Եվրամիությունը մեծ ուշադրությամբ է հետեւելու Հայաստանում սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին. - «Սրանք կարեւոր քննություն են լինելու Հայաստանի համար»:

Այսօր մի քանի ժամից տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն հանդիպումը, որի ժամանակ կընդունվի Եվրոպական նոր հարեւանության գործողությունների ծրագիրը:

Իսկ դրանից մի քանի ժամ անց Բելգիայի արտգործնախարարությունում կսկսվեն ղարաբաղյան բանակցությունները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:


Հրայր Թամրազյան, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG