Մատչելիության հղումներ

Էդուարդ Կոկոյտի. «Ինտեգրումը Ռուսաստանին Հարավային Օսիայի քաղաքականության առաջնահերթությունն է»


Կիրակի օրը Հարավային Օսիայում անցկացված անկախության հանրաքվեի եւ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով, քվեարկությանը մասնակցած ընտրողների 99 տոկոսը արտահայտվել է ինքնահռչակ հանրապետության անկախության օգտին: Իսկ ընտրողների 96 տոկոս ձայներով վերընտրված նախագահ Էդուարդ Կոկոյտիին երկուշաբթի օրը հայտարարել է, թե Հարավային Օսիայի քաղաքականության առաջնահերթությունը ինտեգրումն է Ռուսաստանին:

Երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում Էդուարդ Կոկոյտին որպես իր առաջիկա գործունեության առաջնահերթություններ առանձնացրել է հանրապետության անկախության համար պայքարը եւ ինտեգրումը Ռուսաստանին:

«Ինտեգրումը Ռուսաստանին Հարավային Օսիայի քաղաքականության առաջնահերթությունն է», - ասել է նա:

Նրա խոսքերով, Հարավային Օսիան ձգտելու է անկախության` միջազգային նորմերին համապատասխան:

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բելա Պլիեւան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ բոլոր 78 ընտրական տեղամասերից հեռախոսով ստացված տվյալներով, հանրաքվեին եւ ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 95,2 տոկոս:

Պլիեւան շեշտել է, որ դրանք նախնական արդյունքներ են, եւ օրենսդրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 5 օր է հատկացված վերջնական արդյունքներն ամփոփելու համար:

Ըստ Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ընտրությունների ընթացքին հետեւել են 180 դիտորդներ՝ 11 երկրներից, այդ թվում Վրաստանի ներկայացուցիչները, որոնց հնարավորություն է տրվել այցելել ցանկացած ընտրատեղամաս:

«Դիտորդներից ոչ մեկը ընտրությունների ընթացքում որեւէ խախտում չի մատնանշել», - հավաստիացրել է Բելա Պլիեւան:

Վրաստանը հայտարարել էր, որ օրինական չի համարում Հարավային Օսիայի հանրաքվեն եւ չի ճանաչելու դրա արդյունքները:

Վրաց պաշտոնյաները Ռուսաստանի «մատն» են տեսնում կիրակի օրվա հանրաքվեում եւ Մոսկվային մեղադրում են այդ հանրաքվեն Վրաստանը թուլացնելու համար օգտագործելու մեջ՝ որպես պատիժ երկրի արեւմտամետ դիրքորոշման համար:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որը Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիում էր որպես դիտորդ, մասնավորապես, հայտարարել է. - «Հարավային Օսիան իրականություն է, ինչպես իրականություն են Մերձդնեստրը, Աբխազիան եւ Լեռնային Ղարաբաղը»:

ԵԱՀԿ-ն, որը չի դիտարկել Հարավային Օսիայի հանրաքվեն եւ նախագահական ընտրությունները, դրանք «ապակառուցողական» է որակել:

Հանրաքվեն քննադատել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, որը հայտարարել է, թե «նման գործողությունները հանգեցնում են միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության մեծացմանը»:

Էդուարդ Կոկոյտիին վերընտրվելու կապակցությամբ արդեն շնորհավորել է Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG